Մասնակցում էին չորս թիմեր ԵՊՀ ռուս բանասիրության, ժուռնալիստիկայի, արևելագիտության և ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներից: Միջոցառումը կազմակերպել էին Մայր բուհի ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի նախագահ Հարություն Ծատրյանը և նույն հանձնաժողովի ներկայացուցիչ Դիանա Եղիազարյանը:
«Միջոցառումը նպատակ ունի գիտելիքներից բացի ստուգել ուսանողների տրամաբանական կարողությունները և մտքի ճկունությունը: Լինելու են տրամաբանական հարցեր, փորձել ենք ամեն ինչ կազմակերպել այնպես, որ խաղը նման չլինի մյուս բոլոր ինտելեկտուալ խաղերին»,- խաղի մեկնարկից առաջ ասաց Դիանա Եղիազարյանը:
«Առողջ մտքի մրցույթ»-ում հաղթեց Արևելագիտության ֆակուլտետի թիմը: «Լավագույն խաղացող» անվանակարգին արժանացավ հաղթող թիմի մասնակից Հայկ Դավթյանը, իսկ «Վատագույն խաղացող» ճանաչվեց նվազագույն միավորներ հավաքած Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Էլիզա Հայրապետյանը:
Խաղին ակտիվ մասնակցում էր նաև հանդիսատեսը, որից Սոնա Հայրապետյանն արժանացավ «Ամենաակտիվ հանդիսատես» անվանակարգին:
«Ողջունում եմ նմանաբնույթ նախաձեռնությունները, գնահատում եմ, որ շեշտը դրվում է հենց տրամաբանության վրա: Հարցեր կային, որոնք նույնիսկ հետաքննական բնույթի էին: Եթե այսպիսի միջոցառումներ կրկին կազմակերպվեն, անպայման կմասնակցեմ»,- նշեց Արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Անի Հովակիմյանը: