12.04.2013 | 
Հասարակություն
ՕԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
ՕԳՆՈՒՄ ԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Ապրիլի 11-ին համար 114 ավագ դպրոցի շուրջ 30 աշակերտներ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ հյուրընկալվել էին «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում:

Նպատակը մեկն էր` օգնել աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Կազմակերպիչն էլ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն էր: Դպրոցի և ԵՊՀ-ի միջև գործող պայմանագրի համաձայն` համալսարանի մասնագետները դասավանդում են այնտեղ հատուկ մշակված ծրագրով: Քիմիա առարկան դասավանդում է քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, ում ուղեկցությամբ էլ աշակերտները գնացել էին «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոն:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող այդ կառույցը ղեկավարում է ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ Աշոտ Սաղյանը: Այնտեղ աշակերտները լսել են փոքրիկ դասախոսություն կենսատեխնոլոգիաների վերաբերյալ, այնուհետև շրջել կենտրոնի լաբորատորիաներում, հետևել փորձերին, ինչպես նաև արտադրական գործընթացին:


«Կենսատեխնոլոգիան ավելի շատ օգտագործվում է բարի նպատակով` գյուղատնտեսության, սննդարդյունաբերության մեջ, բայց մարդկանց մեջ կա նաև չար գենը: Մյուսին գերիշխելու նպատակով դա կարող է վերածվել կենսաբանական զենքի»,- դասախոսության ժամանակ նշեց պարոն Սաղյանը` ներկայացնելով կենսատեխնոլոգիայի օգտագործման, տարածման վերաբերյալ մանրամասներ: 

 
Կենտրոնի գործունեությունը, նպատակները և հեռանկարներն աշակերտներին ներկայացնելըն այն միջոցներից մեկն է, որը կօգնի նրանց կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում: 

 
«Կազմակերպում ենք ինչպես դասախոսների այցեր դպրոցներ, այնպես էլ աշակերտների այցեր համալսարան և գիտական տարբեր հիմնարկներ, որոնք այս կամ այն ձևով առնչվում են ԵՊՀ-ի հետ: Աշակերտը, գալով համալսարան, տեսնում է միայն ուսումնական կամ որոշակի լաբորատոր աշխատանքներ, իսկ այսպիսի գիտական հիմնարկներում ամբողջությամբ զգում է գիտությամբ զբաղվող մարդու շունչը»,- ասում է Դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը:


Ի դեպ, վերջերս ևս մի քանիսով համալրվել է այն դպրոցների շարքը, որոնց հետ համալսարանը կնքել է համագործակցության պայմանագրեր: Դրանց մի մասն էլ մարզային կրթական հաստատություններ են:

 
Նշենք, որ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը ՀՀ Կառավարության որոշմամբ ստեղծվել է 2010 թ-ին: Դրանում միավորված են 3 գիտական ինստիտուտներ, որոնցից երկուսը գործում էին Աբովյան քաղաքում, երրորդը` Երևանում` ՀՀ ԳԱԱ-ի կազմում: Կենտրոնի գիտական հետազոտությունները կիրառվում են նաև արտադրության մեջ. արտադրվում են էկոլոգիապես մաքուր օրգանական բնույթի կենսապարարտանյութեր, ոչ սպիտակուցային ամինաթթուներ, որոնք օգտագործվում են դեղերի բաղադրության մեջ և այլն:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: