13.04.2013 | 
Հասարակություն
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՊՀ-ԻՑ
ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԵՊՀ-ԻՑ
ԵՊՀ էկոիրավունքի կենտրոնում կազմակերպվել էր «Շրջակա միջավայրի համալիր կանխարգելման և հսկման կարգավորումը Հայաստանում» թեմայով դասախոսություն:

Դասախոսության սկզբում Իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի կենտրոնի տնօրեն Աիդա Իսկոյանը ներկայացրեց իրենց կառույցի գործունեության ուղղությունները, պատմեց կազմակերպվող միջոցառումների մասին: Դասախոսություն-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ:

 

Դասախոսությունը վարում էին ՀՀ բնապահպանության նախարարության ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի բաժնի պետ ՋուլիետաՂլիչյանը և մշտական թվինինգային խորհրդատու Թեոդոր Յորոշեկը: Նրանք ներկայացնում էին

բնապահպանական թույլտվությունների տրամադրման մի նոր համակարգ, որը պատրաստվում են ներդնել Հայաստանում: Այն բխում է Եվրամիության IPPC (Integrated pollution prevention and control - աղտոտման համալիր կանխարգելման և հսկման) դիրեկտիվից:

 

Փորձագետների կարծիքով` այս համակարգը թույլ կտա կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը, ինչի հնարավորությունը չի տալիս ներկայումս գործող համակարգը:

 

«Այսօր մենք տալիս ենք բնապահպանական բազմաթիվ թույլտվություններ, սահմանում ենք պահանջներ: Շրջակա միջավայրի յուրաքանչյուր բաղադրիչի (մթնոլորտային արտանետումներ, ջրային ռեսուրսների արտահոսք, թափոններ և այլն) համար առանձին թույլտվություն ենք տալիս, և վերջում անարդյունավետ աշխատանք ենք ունենում: Այսինքն` թույլ ենք տալիս, որ աղտոտեն, վերջում էլ գնում, տուգանում ենք»,- պարզաբանում է տիկին Ղլիչյանը:

 

Նրա խոսքերով` արդեն ժամանակն է այս համակարգը փոխարինել մեկ ուրիշով` կրճատելով ավելորդ վարչարարությունն ու թղթաբանությունը: Այսինքն` տնտեսվարող սուբյեկտը ներկայացնում է մեկ հայտ, որի մեջ ներառված են բոլոր թույլտվությունները, և վերջում ստանում պատասխանը:

 

Համակարգի ներդրման հարցում օգնելու է թվինինգային ծրագիրը: «Թվինինգային ծրագրերի նպատակն է աջակցել Եվրամիության անդամ կամ անդամության թեկնածու երկրներին` համապատասխանեցնել իրենց օրենսդրությունները Եվրոպական ընդհանուր օրենսդրությանը: Անդամ երկրների մասնագետները պետք է կիսեն իրենց փորձն ու գիտելիքները շահառու երկրների փորձագետների հետ»,- հստակեցնում է Թեոդոր Յորոշեկը:

 

Համակարգի ներդրմանն ուղղված առաջին քայլը օրենսդրական ակտի ստեղծումն է, որի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Մինչև 2014 թ-ի վերջը պատրաստ կլինի «Էկոլոգիական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը կներկայացվի քննարկման, ապա հաստատման:

 

Նշենք, որ Եվրամիությունը Հայաստանին տվել է 13 տարի ժամանակ` համակարգը հանրապետությունում ամբողջությամբ ներդնելու համար:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: