16.04.2013 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ 19 ՏԱՐԵԿԱՆ Է
Ուսանողական տոնի առթիվ բուհում հետաքրքիր միջոցառումներ էին կազմակերպվել:

Ապրիլի 16-ին լրացավ Մայր բուհի ուսանողական խորհրդի հիմնադրման 19-ամյակը, ինչի առթիվ էլ ԵՊՀ հանդիսությունների մեծ դահլիճում տոնական միջոցառում էր նախաձեռնվել: Կազմակերպիչներն ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի ակտիվ անդամներն էին, ովքեր անակնկալ էին պատրաստել Ուսանողական խորհրդի համար` նվիրված վերջինիս ծննդյան 19-րդ տարեդարձին:

Տոնական միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա ի սրտե շնորհավորեց ԵՊՀ բոլոր ուսանողներին իրենց կառույցի ծննդյան տոնի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առթիվ: Երբ ստեղծվում էր ԵՊՀ ուսխորհուրդը, ես ևս բուհի ուսանողների շարքում էի, այնպես որ` քաջատեղյակ եմ և ներսից գիտեմ բոլոր այն դժվարությունները, որոնց առջև կանգնեց նորաստեղծ ուսանողական խորհուրդը 1990-ական թվականներին»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը` արդեն 19-ամյա ուսանողական խորհրդին մաղթելով բեղուն ու արգասաբեր գործունեություն:

Ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը ևս շնորհավորանքի խոսք ասաց` վստահեցնելով բուհի ուսանողությանը, որ ուսխորհուրդն ամեն հարցում կլինի նրանց կողքին. «Ուսանողական խորհուրդը մեծ ընտանիք է: Այստեղ մարդիկ ճանապարհ են անցնում` դառնալով հանրության մի մասը»:

Միջոցառման գեղարվեստական մասում արդեն ելույթներ ունեցան ԵՊՀ տաղանդաշատ ուսանող-երգիչները` «Երգող համալսարանական» մրցույթի եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները, բուհի Ուրախների և հնարամիտների ակումբի «Ամիգոս» նորաստեղծ թիմը, որի մանրապատումները մի լավ զվարճացրին հանդիսատեսին: Վերջում արդեն որոշվեցին «Երգող համալսարանական» մրցույթի մրցանակակիրները:

Տոնական օրը եզրափակվեց ուշ երեկոյան, երբ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվեցին բուհի ուսանողները` մասնակցելով յուրահատուկ ֆլեշմոբ-ակցիայի: Նրանք ավելի քան 100 երկնային լուսատուներ «ճանապարհեցին» դեպի երկինք` հավերժական կրակով լի լապտերները օդ բաց թողնելով:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: