19.04.2013 | 
Հասարակություն
ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
ՃԱՆԱՉԵՆՔ ԵՎ ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-զրույց Արցախյան ազատամարտի հերոսների հետ:

Միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի կողմից, սկսվեց ՀՀ օրհներգով, այնուհետև մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Եղեռնի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը:


Ներկա էին հերոս-ազատամարտիկներ Աղասի Կարապետյանը, Շահե Աճեմյանը, Սոս Գեկչյանը, Էդիկ Մարկոսյանը, Վաչագան Գալստյանը, Անուշ Մացակյանը, զոհված ազատամարտիկի մայր Գոհար Արմենակեանը, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, միջոցառման կազմակերպիչ, Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Նաիրա Գասպարյանը և ուսանողներ:


«Մենք որոշեցինք անցկացնել միջոցառում հայրենասիրական թեմայով, քանի որ առաջիկայում ապրիլի 24-ն է, նաև հերոսական մայիսյան ամիսը: Նպատակ ունենք ուսանողության մեջ ևս մեկ անգամ սերմանել հայրենասիրական զգացմունքներ և ծանոթացնենք մեր ազատամարտիկների հետ: Մենք մեր պարտքն ենք համարում հիշել և հարգել Արցախյան ազատամարտի հերոսներին և բոլոր պատեհ առիթներով հայտնել նրանց նկատմամբ մեր խորին հարգանքը, որովհետև նրանք զրկվել են շատ բաներից, իսկ դրա շնորհիվ մենք ձեռք ենք բերել այսօրվա խաղաղությունը»,- ասաց Նաիրա Գասպարյանը:


Միջոցառման ընթացքում մասնակիցները դիտեցին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նկարահանված փաստավավերագրական ֆիլմը և ունկնդրեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիամ Ալոյանի հայրենասիրական երգերը:


Քանի որ մասնակիցների մեծ մասը աղջիկներ էին, Պաշտպանության կոմիտեի նախագահ, Մահապարտների կանանց խորհրդի նախագահ, գնդապետ Գոհար Արմենակեանը, իր խոսքն ուղղելով  նրանց, ասաց, որ իրենց ամենամեծ պատգամը մայրանալն է  և շատ երեխաներ ունենալը, քանզի Հայոց բանակին զինվորներ են պետք, իսկ տղաներին հորդորեց չխուսափել  ծառայությունից, քանզի մենք ունենք սահմաններ, որոնք ամեն վայրկյան պետք է հսկվեն, որովհետև «գայլի երախը» դրան է սպասում:


Միջոցառման վերջում եղան նաև մի շարք պարգևատրումներ: Աղասի Կարապետյանը Հայկական լեգեոն կազմակերպության կողմից միջոցառումը կազմակերպելու համար պատվոգիր հանձնեց Նաիրա Գասպարյանին, իսկ Պաշտպանության կոմիտեի նախագահ Գոհար Արմենակեանը «Զինվորի պաշտպան» մեդալով պարգևատրեց ազատամարտիկ Շահե Աճեմյանին: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն էլ միջոցառման մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀԽ-Ն ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԵԿՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ
Օրակարգային 5 և ընթացիկ հարցերով գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: