Հղիության արհեստական ընդհատումը մարդկային պտղի վաղաժամ, արհեստականորեն հարուցած վիժեցումն է վիրահատական կամ քիմիական միջոցների օգնությամբ, այսինքն` մարդկային պտղի կյանքի ընդհատում: Ըստ վիճակագրական տվյալների` հղիության ընդհատման հիմնական պատճառներն են սոցիալական խնդիրները և տղա երեխա ունենալու ցանկությունը:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի` քրեկան պատասխանատվություն է սահմանված ապօրինի արհեստական վիժեցումների համար:
Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Էլիզա Արոյանը նշում է, որ ըստ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի` յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք, ինչպես նաև թույլատրվում է արհեստական ընդհատում կատարել մինչև 12 շաբաթական ժամկետը, իսկ մինչ հղիության 22 շաբաթական ժամկետը` միայն բուժհաստատության կողմից ստեղծվող բժշկական հանձնաժողովի որոշմամբ:
Համաժողովը կազմակերպել էր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն: Մասնակցում էին Բուհերի հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, Վարազդատ սարկավագ Քոչարյանը, Իրավագիտության և Աստվածաբանության ֆակուլտետների ուսանողներ:
«Եկեղեցին դատապարտում է այս երևույթը, այն ընդունելի է միայն այն ժամանակ, երբ վտանգված է մոր կյանքը: Աստվածաշունչն ասում է, որ կյանքը սկսվում է հենց բեղմնավորման պահից, այսինքն` մոր որովայնից: Պատիժ է սահմանված նրանց համար, ովքեր դիտավորյալ վիժման պատճառ են դառնում»,- իր խոսքում նշում է Վարազդատ սարկավագ Քոչարյանը: