29.04.2013 | 
Հասարակություն
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՆԱԼ ԵՎ ՈՒՐԱԽԱՑՆԵԼ ԳԻՏԵՆ
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՐԱԽԱՆԱԼ ԵՎ ՈՒՐԱԽԱՑՆԵԼ ԳԻՏԵՆ
Ֆիզիկոսի օրը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում գեղեցիկ միջոցառման առիթ դարձավ:

Ապրիլի 26-ին Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին միավորել էր իրենց իսկ մասնագիտական տոնը՝ Ֆիզիկոսի օրը: Գեղեցիկ տոնի առթիվ ֆակուլտետի ուսանողները բավականին հետաքրքիր միջոցառումների շարք էին նախաձեռնել: Այն սկսվեց ֆլեշմոբ-ակցիայով, որը տեղի ունեցավ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց. մի խումբ ապագա ֆիզիկոսներ տարբեր կողմերից հավաքվեցին և իրենց հատկացված տեղերը զբաղեցնելուց հետո մի քանի վայրկյան «սառեցին»:

Արդեն ավանդական դարձած համերգային ու զվարճալի միջոցառումն էլ տեղի ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի դահլիճում: Մինչ տոնական միջոցառման սկսվելը ֆակուլտետի՝ օրերս վերընտրված դեկան Ռոլանդ Ավագյանը պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների առջև երդվեց լավ կատարել իրեն վստահված գործառույթները. «Այսօր մեր մասնագիտական տոնն է՝ Ֆիզիկոսի օրը, և պատահական չէ, որ այս պահին եմ որոշել երդվել: Ցանկանում եմ, որ մեր ֆակուլտետն ավելի լավը դառնա ամեն հարցում»:

Դեկանի երդման արարողությունից հետո ֆակուլտետային ուսանողական կառույցների ջանքերով կազմակերպված միջոցառումը ցույց տվեց, որ ապագա ֆիզիկոսներն էլ գիտեն մի լավ ուրախանալ և ուրախացնել իրենց ընկերներին: Միջոցառման ժամանակ եղան հումորային մանրապատումներ, երաժշտական համարներ, հետաքրքիր մրցույթներ:

«Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին հիմնականում ներգրավվել ենք մեր ֆակուլտետի առաջին կուրսեցիներին, որպեսզի վերջիններս էլ լիովին ներգրավվեն մեր միջավայրում: Իրենց կողմից էլ մեծ էր հետաքրքրությունը, այնպես որ ի տարբերություն նախորդ 3 տարիների՝ այս անգամ ավելի հետաքրքիր է ստացվել»,- ասում է ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սամվել Զաքարյանը:

Մասնագիտական տոնի առթիվ ֆիզիկոսներին շնորհավորելու էին եկել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և բուհի ղեկավար անձնակազմի մի շարք պաշտոնատար անդամներ: Ինչպես ուսանողները, այնպես էլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մի լավ ուրախացան իրենց մասնագիտական օրվան նվիրված միջոցառման ընթացքում:

«Մասնագիտական օր ունենալը մեծ ուրախություն է: Այդ առթիվ արդեն 4-րդ տարին է, ինչ այսօրինակ հետաքրքիր միջոցառում ենք նախաձեռնել: Կարելի է ասել, որ ամեն տարի մեծ ուրախությամբ ենք սպասում այս օրվան, քանի որ հենց այս օրն է վերանում դասախոսի և ուսանողի միջև առկա շեմը, ու բոլորը լավ ընկերներ են դառնում»,- հավելում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սարհատ Միրզախանյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ-ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է․ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին հանձնել է շնորհակալագիր՝ ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կիրառական քիմիա. էքսպո 2022» միջոցառումը կազմակերպելու գործում ունեցած ներդրման և աջակցության համար։ Հ. Հովհաննիսյանը և Դ. Երեմյանն այսօր նաև ստորագրել են համագործակցության հուշագիր՝ իրավաբանորեն ամրագրելով երկու կառույցների միջև առկա համագործակցությունը։
ԵՊՀ-Ն ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՂ Է․ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Մայր բուհի պատմության մեջ առաջին անգամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում գիտական աստիճան ստացած շրջանավարտներին հանձնվեցին վկայագրեր։