Անգլերեն լեզվի օրը նշվում է ապրիլի 23-ին` Շեքսպիրի ծննդյան և մահվան օրը: Առաջին անգամ Անգլերեն լեզվի օրը, ինչպես և ՄԱԿ-ի պաշտոնական մյուս լեզուների օրերը նշել են 2010 թվականին: Իսկ այսօր Շեքսպիրի լեզվին նվիրված միջոցառում էր կազմակերպվել ԵՊՀ մշակույթի կենտրոնում` Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
«Ուրախ եմ, որ ձեզ ողջունում եմ Անգլերենի օրվա կապակցությամբ, և ուրախ եմ, որ դա անում եմ հայերեն: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում անգլերենի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծացել է: Գիտակրթական տեղեկատվության 80%-ից ավելին անգլերենով է: Եթե ուզում ենք տիրապետել այդ ինֆորմացիային և ստեղծել ցանկալի կարիերա, պետք է տիրապետել շատ լեզուների, այդ թվում` անգլերենին` մայրենիին զուգահեռ»,- միջոցառման սկզբում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Միջոցառմանը մասնակցելու էին եկել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ովքեր խոսեցին անգլերենի ու գլոբալիզացվող աշխարհում դրա կարևորության մասին:
«Անգլերենը մեզ համար ևս շատ կարևոր լեզու է, քանի որ դրանով խոսում են ոչ միայն հասարակ քաղաքացիները. այն օգտագործվում է նաև կրթական, բիզնես և նույնիսկ կառավարական միջավայրերում: Կան հնդկական ծագումով հայտնի գրողներ, ովքեր անգլերենն օգտագործել են որպես մայրենի լեզու»,- խոսելով իր երկրում այս լեզվի նշանակության մասին` նշեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն:
Հայաստանում օտար լեզուների մասնագետներ պատրաստող խոշոր կենտրոններից մեկը ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն է, որի շրջանավարտներն աշխատում են միջազգային կազմակերպություններում, դեսպանատներում և այլուր: Ֆակուլտետը, ունենալով օտար լեզուների դասավանդման հարուստ փորձ, շատ է կարևորում բազմալեզու միջավայրի ստեղծումը:
«Մեր ուսանողները նաև 2-րդ լեզու ընտրելու հնարավորություն ունեն: Մեծ ուշադրություն ենք դարձնում որակի ապահովմանը: Ուսանողական հարցումները ցույց են տալիս, որ նրանք գոհ են լեզվի դասավանդման որակից, բայց, բնականաբար, դեռ աշխատելու տեղ ունենք: Շատ ենք կարևորում նաև լեզվակիրների հետ շփումները, ինչի արդյունքում հրավիրվում են արտասահմանյան մասնագետներ, ովքեր դասավանդում են հենց անգլերեն»,- փաստում է ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:
Նշենք, որ արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: Անգլերենը պաշտոնական է համարվում Ասիայի և Աֆրիկայի որոշ երկրներում: Անգլերենը և ֆրանսերենը ՄԱԿ-ի քարտուղարության աշխատանքային լեզուներն են: Որոշ հաշվարկներով ավելի քան 500 միլիոն մարդ աշխարհում անգլերենի լեզվակիրներ են:
Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովում էին Մշակույթի կենտրոնի սաները` անգլալեզու երգերով ու ասմունքով: