07.05.2013 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-Ն ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԲԱԶԱ
ԵՊՀ-Ն ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԲԱԶԱ
Այսուհետ հայաստանյան 8 բուհեր ունենալու են շրջանավարտների տվյալների բազա, որով նրանք մեկ քայլ ավելի մոտ կլինեն գործատուին:

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց երկօրյա դասընթաց, որի մասնակիցները Եվրոպական միության և «TEMPUS»-ի համաֆինանսավորմամբ իրականացվող «HEN GEAR» ծրագրի մասնակից հայկական 8 բուհերի, այդ թվում` ԵՊՀ-ի ներկայացուցիչներն էին: Ծրագրի շրջանակում բուհերն իրենց համար կստեղծեն շրջանավարտների տվյալների բազա, որը հասանելի կլինի գործատուներին ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

 

Նշենք, որ ԵՊՀ-ում ծրագրի իրականացմանը մասնակցելու են Միջազգային համագործակցության վարչությունը, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչությունը, Ուսումնամեթոդական վարչությունը, 7 ֆակուլտետներ և այլ ստորաբաժանումներ:

 

«HEN GEAR»-ի մանրամասները հայաստանյան բուհերի` շրջանավարտների գծով պատասխանատուներին ներկայացնելու էին եկել իտալականAlmaLaurea համալսարանի կոնսորցիումի մասնագետները:AlmaLaurea համալսարանի կոնսորցիումի անդամ են 64 համալսարաններ: Այնտեղ ծրագիրը ներդրվել է 2 տարի առաջ, սակայն բուն համակարգը Իտալիայում գործում է դեռեւս 1994 թ-ից:

 

«Այս նախագծի նպատակն է ապահովել հայաստանյան համալսարանների մասնակցությունը միջազգային պլատֆորմի ստեղծմանը: Փորձելու ենք օգնել համակարգի ներդրմանն ու տեղայնացմանը»,- ասում է ծրագրի միջազգային կապերի պատասխանատու Մատեոս Գարդին:

 

Բազաները ձևավորվում են շրջանավարտների լրացրած հարցաթերթիկների հիման վրա: Իտալիայում կիրառվող հարցաթերթիկներն արդեն հարմարեցվել են հայկական չափանիշներին, և արդեն այս տարվա հոկտեմբերից բազան կարող է համալրվել դրանցով: Տվյալների բազան հասանելի կլինի այն ձեռնարկություններին կամ անհատներին, ովքեր բուհի տվյալ ոլորտը համակարգող կառույցի հետ համաձայնություն ձեռք կբերեն:

 

Պարոն Գարդին ասում է, որ բուհերն են որոշում` այդ հարցաթերթիկները լրացնելը կլինի պարտադիր, թե ըստ ցանկության, սակայն ամեն տարի բազայում պետք է լինեն շրջանավարտների գոնե 90 տոկոսի տվյալները: Ծրագիրն իրականացվելու է մինչև 2015 թ-ը, սակայն բուհերն այդ բազաները կարող են օգտագործել նաև հետագայում` դրանք պարբերաբար թարմացնելով:  

 

Հայ մասնագետները մեկ անգամ արդեն եղել են Իտալիայում` Alma Laurea համալսարանում, և ծանոթացել են համակարգին տեղում: «Այնտեղ ցույց տվեցին մի քանի երկրների բուհերի շրջանավարտների բազան, որը կենտրոնացված էր մեկ վայրում: Բազայում հիմնականում շրջանավարտի մասնագիտության, տարիքի ու սեռի, որակավորման և լեզուների իմացության վերաբերյալ տվյալներ էին»,- պատմում է ԵՊՀ տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Արշալույս Հովհաննիսյանը:

 

Ծրագրին, ԵՊՀ-ից բացի, հայաստանյան բուհերից մասնակցում են ՀՊՏՀ-ն, ՀՊՃՀ-ն, ՀՊՃՇՀ-ն, Հայաստանի պետական ագրարային, Գավառի պետական, Գյումրու պետական մանկավարժական համալսարանները և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: Յուրաքանչյուրն ունենալու է իր բազան:

 

«Վերջին 2 տարիների ընթացքում ԵՊՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում շրջանավարտների զբաղվածությանը: Գիտխորհրդի կազմում ստեղծվել է նաև հանձնաժողով, որի նպատակն է խթանել աշխատաշուկա-բուհ համագործակցությունը, հետևաբար մեզ համար շատ ողջունելի է այս համակարգի ներդրումը»,- նշեց ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈՉԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, արգելափակել են բնականոն ու անարգել տեղաշարժը Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին (Լաչինի միջանցք), որն այսօր Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Բացի դրանից՝ այս օրերի ընթացքում Ադրբեջանը ձմռան սաստիկ ցրտի պայմաններում արցախցիներին 75 ժամ թողել էր առանց գազի:
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Քննարկման հրավիրյալ բանախոսներն էին պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, տնտ. գիտ. թեկն., դոցենտ Կառլեն Խաչատրյանը և իրավ. գիտ. թեկն. Լևոն Գևորգյանը: