Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ անցկացվեց «Արևելյան գործընկերություն» թեմայով դասախոսություն, որը վարում էր գերմանացի պրոֆեսոր Ռայներ Լինդները:
Պրոֆեսորը նախ շնորհակալություն հայտնեց ուսանողներին դասախոսությանը մասնակցելու համար և նշեց, որ շատ է կարևորում նմանաբնույթ հանդիպումները, քանի որ ուսանողները մեծ դերակատարում ունեն երկրի զարգացման գործում:
«Արևելյան գործընկերություն» թեմայով դասախոսությունը ներառում էր մի շարք ասպեկտներ, որոնց հիմնական նպատակը մեկն էր՝ բիզնես համագործակցություն և տնտեսական ազատ գոտու ձևավորում:
«Եվրոպական կազմակերպությունները շահագրգռված են արևելյան երկրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի պետությունների հետ փոխշահավետ տնտեսական դաշտ ստեղծելու գործում: Կարծում ենք՝ համագործակցության մեծ ներուժ կա, և խոսքը ոչ միայն նավթի, գազի կամ բնական հումքի առկայության մեջ է, այլև «soft» արտադրանքն ենք շատ կարևորում, այսինքն՝ մենք հեռանկարային ենք համարում մասնավորապես ծառայությունների և մտավոր պաշարների շուկան»,- ասաց Ռայներ Լինդները:
Բանախոսը նշեց, որ Հայաստանը նույնպես մեծ հեռանկարներ ունի մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ էլ գերմանական կազմակերպությունները պատրաստ են ներդրումներ կատարել: Սակայն բիզնեսի համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք բարեփոխումներ:
«ԱՊՀ երկրների շարքում բիզնես ներդրումների տեսանկյունից Հայաստանը լավ ցուցանիշներ ունի, սակայն զիջում է, օրինակ, Վրաստանին, որը շատ է հեշտացրել ձեռներեցության գործընթացը փաստաթղթերի ձևակերպման առումով: Հայաստանում բիզնես պլատֆորմի զարգացման հիմնական խոչընդոտներից է կաշառակերությունը, թղթաբանության բարդ ու խճճված գործընթացը, հարկային դաշտը և այլն: Սակայն սա բարդ գործընթաց է, և մենք վստահ ենք, որ Հայաստանը կհաղթահարի այդ խոչընդոտները»,- հավալեց պրոֆեսորը:
Ռայներ Լինդները խոսեց նաև հետ խորհրդային պետությունների զարգացման փուլերի, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության դրական արդյունքների մասին:
Նշենք, որ բանախոսը մի շարք կարևոր պաշտոններ է զբաղեցնում ոչ միայն հայրենիքում, այլև Եվրոպական միության ծրագրային համակարգում: Երիտասարդ պրոֆեսորը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի գլխավոր տնօրենն է, Արևելաեվրոպական հետազոտողների գերմանական համայնքի գործադիր խորհրդի ու Ազգաբնակչության և զարգացման բեռլինյան ինտիտուտի անդամ, ինչպես նաև գերմանա-ուկրաինական ֆորումի հիմնադիրներից, գերմանա-բելառուսական համայնքի նախագահ, «Արևելյան Եվրոպա» ամսագրի համախմբագիր: Ռայներ Լինդները կազմակերպում ու համակարգում է նաև «Մինսկի ֆորում» միջազգային երկխոսության անցկացումը: