25.06.2013 | 
Հասարակություն
ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ
Հայոց ցեղասպանության մասին եռագրության հեղինակը Հայաստանից մեկնելուց առաջ եկել էր ԵՊՀ հրատարակչություն:

Այսօր ԵՊՀ հրատարակչության հյուրն իսպանացի հայտնի գրող, մեծ հայասեր Գոնսալո Գուարչն էր, ում` Հայոց ցեղասպանության թեմայով գրված եռագրության վերջին մասը` «Սպիտակ լեռը» վեպը, հայերենով կտպագրվի մինչև 2015 թ-ը` Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ: ՀՀ նախագահի հրամանագրով օրերս «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրված Գոնսալո Գուարչը հանդիպման ընթացքում ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանին հույս հայտնեց, որ մի օր անձամբ կտեսնի իր եռահատորյակի հայերեն ամբողջական հրատարակությունը:

«Գնալով ինձ շատ ավելի հայ եմ զգում, քան իսպանացի: Կուզենայի` ինձ դիմեին անգամ ոչ թե որպես Գուարչ, այլ Գուարչյան, չէ՞ որ ես ևս հայ եմ»,- ասաց իսպանացի գրողը, ում եռագրության 2-րդ գիրքը` «Հայոց կտակ» վեպը, ԵՊՀ հրատարակչության կողմից լույս է տեսել դեռևս 2011 թ-ին` Մերի Սուքիասյանի թարգմանությամբ և Լաուրա Մանուկյանի խմբագրմամբ: Ի դեպ, եռագրության վերջին` «Սպիտակ լեռը» վեպն այժմ թարգմանվում է Մերի Սուքիասյանից կողմից:

Հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը բավականին հետաքրքիր նմանություն գտավ իր և իսպանացի հյուրի միջև. «Հայրս` Գառնիկ Ստեփանյանը, առաջին հեղինակն է, ով գրել է խորհրդային շրջանում Հայոց ցեղասպանության մասին: Նա ևս փորձել է գեղարվեստական ստեղծագործություն ներկայացնել այդ դաժան թեմայի վերաբերյալ: Բացի այդ` ես էլ եմ «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվել: Այնպես որ` մենք ճակատագրով բարեկամներ ենք»:

Պերճ Ստեփանյանը Գոնսալո Գուարչին նվիրեց հոր «Մղձավանջային օրեր» վեպը` հույս հայտնելով, որ իսպանացին այն կկարողանա տեղավորել իր գրադարանում:

«Ցավոք, թեև չեմ կարողանալու կարդալ գիրքը (վեպը հայերեն է), սակայն խոստանում եմ, որ այն կլինի միշտ իմ աչքի առջև: Սա խորհրդանշական մեծ պարգև է, որ ստացել եմ մեծ մարդուց, ում մասին շատ էի լսել, բայց չէի տեսել»,- ասաց Գոնսալո Գուարչը:

Իսպանացի գրողին ուղեկցում էր նաև կինը, ով, Գոնսալո Գուարչի խոսքով, իր մուսան է, ներշնչանքի աղբյուրը. «Կինս ինձ շատ է օգնում: Եթե ես Հայաստանում ապրեի, ապա ավելի շատ կստեղծագործեի: Այստեղ ամեն բան տրամադրում է ստեղծագործելուն»:

Հանդիպման ընթացքում Գոնսալո Գուարչը փոքրիկ ստեղծագործություն նվիրեց իր գրքի հայերեն թարգմանչին, խմբագրին ու ԵՊՀ հրատարակչության աշխատակցուհուն:

«Ախր, հայ կանայք, իրոք, շատ գեղեցիկ են»,- հանդիպման վերջում խոստովանեց գրողը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։