Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդիպեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շփիլմանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Հյուրին նախ ողջունեց ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով խոսեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրների մասին, ինչպես նաև որոշ մանրամասներ ներկայացրեց հյուրի կենսագրական հարուստ կյանքից:
«Ուրախ ենք Ձեզ ընդունելու Մայր բուհի պատերի ներքո: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան իր մեջ ներառում է համամարդկային արժեքներ, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը, խոսքի ազատությանը, ցեղասպանության դատապարտմանը և մասնավորապես ժողովրդավարական հասարակության կառուցմանը»,- ասաց Արամ Սիմոնյանը:
Դին Շփիլմանը հակիրճ խոսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատմության, անցած ուղու մասին, ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված եվրոպական քաղաքականությունը, արժեհամակարգը և այն հիմնական սկզբունքները, որով առաջնորդվում է և՛ ԵՄ-ն, և՛ դատարանը:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորը հասարակական և գիտական բեղուն գործունեություն ծավալելու համար Դին Շփիլմանին հանձնեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման հավաստագիրը, ԵՊՀ հուշամեդալ, ինչպես նաև Մայր բուհի ու Հայաստանի մասին պատմող գրքեր և բուկլետներ:
«Ինձ համար մեծ պատիվ է այսպիսի բարձր կոչմանն արժանանալու համար: Կարծում եմ, ի դեմս ինձ, այս կոչմանն արժանացել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Ընդհանրապես համալսարանները մեծ դեր ունեն երկրի գրեթե բոլոր ճյուղերի զարգացման և բարգավաճման գործում: Առանց որակյալ համալսարանական կրթության՝ ոչ մի բնագավառ կայանալ պարզապես չի կարող, ուստի ձեր դերը չափազանց կարևոր է: Գիտեմ, որ Երևանի պետական համալսարանը հարուստ անցյալ ունի, և վստահաբար կարող եմ ասել, որ ապագան էլ նույն կերպ փառահեղ է լինելու: Շատ շնորհակալ եմ»,- եզրափակեց Դին Շփիլմանը:
Ելույթներից հետո ներկաները մի շարք հարցեր ուղղեցին հյուրին: Դրանք հիմնականում վերաբերում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությանը, ծանրաբեռնվածությանը, արդյունավետ գործելաճին ուղղված ծրագրերին, բարոյական վնասի փոխհատուցման չափանիշներին, ինչպես նաև դատարան դիմող երկրներին, մասնավորապես Հայաստանին վերաբերող վճակագրական տվյալներին:
Շփիլմանը նշեց, որ ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում Հայաստանն ունի 873 դիմում, որի 87 տոկոսը քննման փուլում է: Բանախոսի խոսքերով՝ այս թիվը, համեմատած այլ երկրների հետ, այդքան էլ մեծ թիվ չի կազմում:
Ալվինա Գյուլումյանն էլ հավելեց, որ նշված 873 դիմումներից մոտ 500-ը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների դիմումներն են ընդդեմ ՀՀ-ի: