02.09.2013 | 
Հասարակություն
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ` ՕՐՎԱ ՀԵՐՈՍԻ ԴԵՐՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ` ՕՐՎԱ ՀԵՐՈՍԻ ԴԵՐՈՒՄ
Մայր բուհի առաջին կուրսեցիների համար անձամբ դասախոսություն է կարդացել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

Երևանի պետական համալսարանում այսօր բուհական եռուզեռ էր. օրվա գլխավոր հերոսներին` առաջին կուրսեցիներին, մեծ շուքով դիմավորում էին ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ նորաթուխ ուսանողների համար հաճելի ու գեղեցիկ անակնկալներ էր պատրաստել ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը. ուսանողներին բաժանվեցին «Կրթություն հանուն ապագայի» խորագիրը կրող առաջին կուրսեցու ուղեցույցներ, որոնք հնարավորինս կհեշտացնեն նրանց  առօրյա ուսանողական կյանքն ու կրթական գործընթացը:

Արդեն ավանդական դարձած առաջին կուրսեցիների դիմավորման արարողության ժամանակ նրանց մանրամասն ներկայացվեցին իրենց ընտրած մասնագիտությունները, դրանց առջև ծառացած մարտահրավերները: Ֆակուլտետների դեկանները հանդես եկան ողջույնի խոսքերով` մաղթելով բոլորին գիտելիքներով ու հետաքրքիր պահերով լեցուն ուսանողական տարիներ:

Մինչ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում առաջին կուրսեցիները ծանոթանում էին իրենց դասացուցակներին ու սպասվող առօրյային, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիներին ողջունելու էին եկել ոչ միայն ֆակուլտետի դեկանն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:

«Ամեն տարի մեծ սիրով եմ համաձայնվում հանդիպել ԵՊՀ առաջին կուրսեցիների հետ, և իմ պարտքն եմ համարում կարդալ առաջին դասախոսությունը»,- ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը` հորդորելով ուսանողներին ժամանակը ճիշտ օգտագործել, ընձեռնված հնարավորությունը բաց չթողնել ու մասնագիտական լավ կրթություն ստանալ:

Նախարար Էդուարդ Նալբանդյանը ներկայացրեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները միջազգային ասպարեզում, վերջին շրջանում ՀՀ-ի կողմից ձեռք բերված հաջողությունները: Էդուարդ Նալբանդյանը խոսեց ապագա անելիքների մասին, պատասխանեց Մայր բուհի ուսանողների բազմաթիվ հարցերին` ևս մեկ անգամ ընդգծելով, որ ամեն օր կարելի է նոր բան սովորել:

Եթե Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիները հյուրեր ունեին, ապա Հայ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսեցիները, ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես ֆակուլտետի դասախոսների ուղեկցությամբ «հյուրընկալվեցին» Կոմիտասի անվան պանթեոն` ծաղիկներ դնելու հայ մեծերի շիրիմներին և իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրանց:

Ինչևէ, ուսումնական նոր տարին արդեն պաշտոնապես կարելի է սկսված համարել: Թող Ձեր մուտքը Մայր բուհ հաջող լինի, սիրելի՛ առաջին կուրսեցիներ: Մաղթում ենք Ձեզ գիտելիքներով ու հետաքրքիր ակնթարթներով հարուստ ուսումնական տարի:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։