17.10.2013 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մայր բուհի ուսանողների ու ասպիրանտների` ՏՏ ոլորտում արձանագրած հաջող աշխատանքները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել էր տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ նախագահի 2013 թ-ի կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները` յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ երիտասարդներին փոխանցելով նաև հուշախորհրդանիշ և դրամական պարգև:

Պարգևատրման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և ՀՀ նախագահի 2013 թ-ի կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին` մաղթելով նորանոր հաջողություններ:

Նշենք, որ այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևներին արժանացել են 21 ուսանողներ և 18 աշակերտներ հայաստանյան 5 բուհերից և 8 ավագ դպրոցներից: Ընթացիկ տարում հանձնաժողովն ընդլայնել էր մրցանակաբաշխությանը մասնակից կրթական հաստատությունների թիվը՝ ընդգրկելով նաև «Այբ» ավագ դպրոցը: Հանձնաժողովի որոշմամբ` այս տարի «Գլխավոր մրցանակ» անվանակարգում հաղթող չի ճանաչվել:

Մայր բուհի ուսանողներն ու ասպիրանտները ևս պարգևատրվողների թվում են եղել: «Լավագույն բակալավր» անվանակարգում 1-ին կարգի վկայագիր է ստացել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Թադևոսյանը: Նույն անվանակարգում 2-րդ կարգի մրցանակակիր Լիլիթ Գրիգորյանը Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի է:

«Լավագույն մագիստրանտ» անվանակարգում 1-ին և 2-րդ կարգի վկայագրեր ստացել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրանտ Հենրիկ Ներսիսյանը և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրանտ Տիգրան Խաժակյանը: «Լավագույն ասպիրանտ» անվանակարգում Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երիտասարդ հետազոտողներ Ռաֆայել Հովհաննիսյանն ու Ներսես Ներսիսյանը ստացել են համապատասխանաբար 1-ին և 2-րդ կարգի վկայագրեր:


«Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Սարհադ Միրզախանյանը ստացել է 1-ին կարգի վկայագիր, իսկ  2-րդ կարգի վկայագիրը բաժին է հասել նույն ֆակուլտետի ուսանող Դավիդ Քեքեջյանին:

«Լավագույն ուսանողուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Պետոյանը:

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: