21.10.2013 | 
Հասարակություն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ Է ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԾԵԼ  Է ԳՐԱԿԱՆ ԵՐԿԻ
Հայոց պատմությունն արդեն հասանելի է ռուսալեզու չափածոյի տեսքով:

«Հայաստան. հազարամյակների պատմություն» եռահատորյակի հեղինակը ՌԴ դաշնային խորհրդի անդամ, Բաշկիրիայի ԱԺ նախկին փոխխոսնակ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ազգությամբ բաշկիր Ռաֆաիլ Զինուրովն է:

 

Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ գիրքը ներկայացվեց համալսարաններին: Միջոցառմանը ներկա էր նաև հեղինակը, ով իր հայերեն ելույթում նշեց, որ չի եկել այստեղ որպես հյուր կամ գրքի հեղինակ: Այստեղ նա տանն է:

 

Զինուրովն աշխատությունը գրել է 6 տարում, իսկ նյութերի հայթայթման համար պահանջվել է շուրջ 10 տարի: Թեև գիրքը գրված է չափածո, բայց պահպանված է  պատմական դեպքերի ժամանակագրությունը: Հեղինակն օգտվել է հայկական   սկզբնաղբյուրներից՝ Մովսես Խորենացու, Կորյունի, Եղիշեի, Մովսես  Կաղանկատվացու, ինչպես նաև անտիկ հույն և հռոմեացի պատմիչների  աշխատություններից:

 

Շարադրման ոճը արևելյան է, մասնավորապես նա փորձել է գրել Օմար Խայամի քառյակների լեզվով՝ ամեն տողում 12 վանկ: 

 

«Խորհրդային միությունը հայոց պատմությանը օբյեկտիվ չէր մոտենում, իսկ ես այն ուսումնասիրել եմ առանց ավելորդ հուզականության՝ պարզապես օբյեկտիվ: Հայաստանը փոքր պետություն է, բայց ունի հարուստ մշակույթ ու պատմություն: Իմ գիրքը նվիրված է դրան: Այս գիրքը իմ փոքրիկ նվերն է հայ ազգին»,- ասում է հեղինակն ու խոստովանում, որ գիրքը գրելիս իրեն անընդհատ ոգևորել է այն միտքը, թե ինչքան է դրանով ուրախացնելու հայերին:

 

Նշենք, որ գրքում բավականին ծավալուն հատվածներ էլ նվիրված են Հայոց ցեղասպանությանը և Արցախյան ազատամարտին:

 

«Նա ասում է, որ Արարատը և հայ ժողովուրդը հոմանիշներ են, ու ծիծաղելի է Արարատը վերագրել թուրքերին: Նա հիացմունքով է խոսում Արցախյան հերոսամարտի մասին: Լինելով իսլամական աշխարհի ներկայացուցիչ` ի՞նչ ներքին կուլտուրա պետք է ունենալ այդքան խորությամբ հասկանալու համար քրիստոնյա աշխարհը և այդպես փառահեղ ներկայացնել հայոց պատմությունը՝ գնահատելով հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ»,- ողջունելով հյուրին՝ նշեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

 

Համալսարանականների հյուրը ներկայացրեց իր աշխատությունը՝ չթաքցնելով իր խիստ դրական վերաբերմունքը հայերի ու հայկականի նկատմամբ: Ելույթից հետո նա պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես աշխատւթյունը, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին:

 

«Մենք հաճախ ասում ենք, որ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը հայոց պատմությունը դրսում օտար լեզվով ներկայացնելն է: Ասում ենք, որ մեր պատմությունը կեղծվում է հարևանների կողմից: Խնդրե՛մ: Զինուրովի եռահատոր աշխատությունը՝ հիմնված գիտական աղբյուրների վրա, լավագույն պատասխանն է կեղծարարներին»,- ասում է «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը:

 

Հայոց պատմությունն ամբողջությամբ ուսումնասիրած գիտնականն ասում է, որ 17 կայսրություն է անցել հայերի գլխով. «Դրանցից յուրաքանչյուրը ցանկացել է հայերին եթե ոչ բնաջնջել, գոնե ձուլել իրեն: Ո՞ւր են այդ կայսրությունները: Իսկ Հայաստանը կա: Դա 3 բանի շնորհիվ է՝ Հայ առաքելական եկեղեցին, հայկական ոգին ու մենթալիտետը»:

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: