25.10.2013 | 
Հասարակություն
ԼՍԱՐԱՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԹԱԴԵՎՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ԼՍԱՐԱՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԹԱԴԵՎՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ
Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեց պատմաբան, աշխարհագրագետ, պրոֆեսոր Թադևոս Հակոբյանի անվան լսարան:

Լսարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, Թ. Հակոբյանի զարմիկ Արծրուն Ավետիսյանը, նրա որդին՝ Մերուժան Հակոբյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը: Միջոցառմանը ներկա էին նաև պրոֆեսորի հարազատները, ուսանողները, ընկերներն ու գործընկերները:

 

Ներկաներին ողջունեց ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով խոսեց իր դասախոսի ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային արժանիքների մասին. «Թադևոս Հակոբյանը ԵՊՀ-ում և ընդհանրապես հայ գիտական ոլորտում երևելի հետք թողած անձանցից է: Նա արտակարգ դասախոս էր, անվանի գիտնական, փայլուն մանկավարժ, իսկական հայրենասեր, համալսարանական և վերջապես հրաշալի անձնավորություն, ում անկեղծորեն սիրում ու հարգում էին բոլորը»:

 

Լսարանը հիմնովին վերանորոգվել է բարերար Արծրուն Ավետիսյանի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի դրամական միջոցներով, կահավորվել, ձեռք են բերվել 20 նորագույն համակարգիչներ:

 

Ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հովանավորներին և հավելեց, որ լսարանում կանցկացվեն գործնական և լաբորատոր պարապմունքներ, կկազմակերպվեն գիտաժողովներ:

 

Անվանի պրոֆեսորի մասին հետաքրքրշարժ պատմություններ և դրվագներ պատմեցին նրա սաները, ովքեր այսօր արդեն ամբիոնի պրոֆեսորներ են ու գիտնականներ:

 

«Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել մասնակից լինել անվանի պրոֆեսորի, Սյունյաց աշխարհի գիտական մտքի փայլուն ներկայացուցիչ Թադևոս Հակոբյանի անվան լսարանի ձևավորմանը: Մենք շարունակելու ենք համագործակցել կրթական հաստատությունների, մասնավորապես իմ հարազատ բուհի հետ»,- նշեց Մաքսիմ Հակոբյանը:

 

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը Մարատ Գրիգորյանին հանձնեց «Քաջարանի և նրա շրջակայքի բուսաշխարհը» վերնագրով գիրք, իսկ Մերուժան Հակոբյանը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին և բարերար Արծրուն Ավետիսյանին նվիրեց պրոֆեսոր Հակոբյանի վերջին հրատարակված գիրքը:

Այլ նորություններ
«ԻՏԱԼԵՐԵՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ-ում Իտալիայում արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո դել Մոնակոյին իր աշխատասենյակում հյուրընկալեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«ՀԱՅԵՐԸ ԵՎ ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ ՇԱՏ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ». ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ-ՈՒՄ
Ջուն Յամադայն այսօր հանդիպել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: