01.11.2013 | 
Գիտություն
ԱՆՎԱՆԻ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԸ ՄԵԿՏԵՂՎԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
ԱՆՎԱՆԻ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԸ ՄԵԿՏԵՂՎԵԼ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Միջազգային համաժողովի նպատակը մեկն է` պարզել, թե որն է Ադրբեջանի Հանրապետության պատմական հենքը:

Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Շիրվան, Առան և Ադրբեջան. պատմամշակութային հետադարձ հայացք» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որը նվիրված է անվանի իրանցի պատմաբան, պրոֆեսոր Էնայաթոլլա Ռեզայի հիշատակին: Գիտաժողովի աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են արևելագետներ (իրանագետներ ու կովկասագետներ) Գերմանիայի, Իրանի, Լեհաստանի, Կանադայի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի ու Վրաստանի հեղինակավոր գիտական կենտրոններից ու համալսարաններից:

«Գիտաժողովի ընթացքում ելույթներ կունենան Ադրբեջանի Հանրապետության ու Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդների` թալիշների, թաթերի, ավարների, լեզգիների, լակերի, ինգիլոյցիների ու խինալուգների անվանի գիտնականները: Այնպես որ` միջոցառումն ունի թե՛ խոշոր գիտական, թե՛ նույնքան քաղաքական նշանակություն: Նպատակը Ադրբեջանի Հանրապետության ներկայիս տարածքի բնիկ ժողովուրդների պատմության, էթնոգենեզի և հարակից այլ խնդիրների հանրայնացումն է»,- ասաց Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:

Պարոն Ասատրյանն իր ելույթում խոսեց նաև պրոֆեսոր Էնայաթոլլա Ռեզայի մասին` նշելով իրանցի գիտնականի հետ անձամբ ծանոթ լինելու և նրա գրած գիրքը ռուսերեն թարգմանելու բացառիկ հնարավորություն ունենալու հանգամանքը. «Էնայաթոլլա Ռեզան մեծ գիտնական էր, մեծ հետազոտող ու տեսաբան: Նա նաև հոյակապ անձնավորություն էր, ում հետ հաճելի էր գիտական թեմաների վերաբերյալ խոսելը»:

Հետազոտող Ալի Գրանմայեհը, ով եկել էր Մեծ Բրիտանիայից, իր ելույթի ժամանակ էլ խոսեց Իրանի և Հյուսիսային Ադրբեջանի մասին` մանրամասն անդրադառնալով ներկայումս և նախկինում կիրառվող ձևախեղումներին ու դիտավորյալ սխալներին. «Մինչև 20-րդ դարը պատմությանը ծանոթ չեն եղել Ադրբեջանը, ադրբեջանցի կոչվող ազգը: Դրանք կեղծ են ստեղծվել, այդ պատճառով էլ պատմությունը չունի ստույգ ու հավաստի տվյալներ այդ էթնոսի մասին: Նրանք նախկին թյուրքերն են, մուսուլման տեղացիները, ովքեր ապրել են Իրանի հյուսիսում»:

Գիտնական Ռուբեն Գալիճյանն էլ փորձեց քարտեզների միջոցով ներկայացնել Շիրվանը, Առանը, Հայաստանը և Ադրբեջանը: Նրա խոսքով` մինչև 20-րդ դարի սկիզբը չի եղել մի քարտեզ, որտեղ նշվի Ադրբեջանի մասին:

«Այն տարածքը, որտեղ այսօր Ադրբեջանի Հանրապետությունն է, դեռևս տարիներ առաջ եղել է Ատրպատական կոչվող տեղանքը: Այնտեղ ապրել են հայեր, թաթարներ, թյուրքեր ու այլազգիներ, սակայն ազերիներ չեն եղել: Այդպիսի ազգություն էլ չկա: Այդ տերմինը պատմություն է բերվել ստալինյան տարիներին, որպեսզի տեղացի թյուրքերն այլևս իրենց թուրք չհամարեն»,- ասաց Ռուբեն Գալիճյանը` հավելելով, որ այսօր էլ Ադրբեջանի Հանրապետությունը բարդ փնտրտուքների մեջ է` ցանկանալով գտնել իր պատմական արմատները, թեև հաճախ պատմական զեղծումներ են լինում:

Երկօրյա գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում կներկայացնեն տարածաշրջանի և նրա սահմաններում առաջացած ժամանակակից պետությունների պատմության, մշակույթի ու քաղաքականության վերաբերյալ սեփական ուսումնասիրությունների արդյունքները՝ մասնավորապես անդրադառնալով նաև համեմատաբար վերջերս ամրակայված ու քաղաքականացված դրդումներով առաջացած միտումնավոր գործընթացներին, երբ պատմական Ազերբայջան (Իրանի հյուսիսային Ատրպատական նահանգ) անվանման աշխարհագրական սահմանները ընդլայնվեցին դեպի հյուսիս՝ ներառելով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքը: Կներկայացվեն Շիրվանի, Առանի, Հայաստանի ու Ատրպատականի պատմական քարտեզները:

«Ուշադրություն է դարձվելու միջկրոնական ու միջէթնիկական հարաբերությունների տարբեր ասպեկտներին, ինչպես նաև էթնոգենեզի ու Իրանի և Ռուսական կայսրության (ԽՍՀՄ) սահմանագլխին նոր ազգային գաղափարախոսությունների ստեղծման հարցերին»,- ասաց Իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:

Պատմական ու ազգագրական տեղեկությունները կլրացվեն նաև մշակութաբանության, լեզվաբանության ու գրականագիտության ոլորտին վերաբերող մի շարք ելույթներով՝ դիտարկելով և՛ բնիկ ժողովուրդների բանավոր ավանդույթները, և՛ իրանական դասական բանաստեղծների, մասնավորապես Նիզամի Գյանջևիի գրական ժառանգությունը։ Ի դեպ, գիտաժողովի մուտքն ազատ է:

Այլ նորություններ
ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ԱՄՓՈՓԵԼ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի փակման արարողությունը։
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՊԱՏՄԱԲԱՆԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՆԳՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում այսօր իր աշխատանքներն է սկսել Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի (ԱԻ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համագործակցության շրջանակում: