22.11.2013 | 
Հասարակություն
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՅՈՒՐԵՐՆ ԷԻՆ
ԱՊԱԳԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՅՈՒՐԵՐՆ ԷԻՆ
Մարզային դպրոցների սաները շրջեցին համալսարանով` ծանոթանալով բուհի կառուցվածքին ու գործունեությանը:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ այսօր իրենց ապագա տուն` Մայր բուհ էին այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզերի ինը դպրոցների 11-րդ դասարանցիները: Վերջիններս ԵՊՀ հյուրերի կարգավիճակով եղան Սոցիոլոգիայի ֆակուլտետում, ծանոթացան մասնագիտություններին, ֆակուլտետի կառուցվածքին, շրջեցին լսարաններով:

«Արդեն երկրորդ օրն է, ինչ մեծ թվով դպրոցականներ հյուրընկալվում են Մայր բուհում: Միջոցառումներն իրականացվում են մասնագիտական կողմնորոշման նպատակով: Բացի այդ` ԵՊՀ ապագա ուսանողները հնարավորություն ունեն ծանոթանալու բուհի պատմությանը` այցելելով ԵՊՀ պատմության թանգարան»,- տեղեկացրեց Մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանը` հավելելով, որ նմանօրինակ այցելությունները դպրոցականների կողմից վերջին տարիներին վերածվել են հաճելի ավանդույթի:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը դիմորդներին մանրամասն ներկայացրեց սոցիոլոգիայի առաքելությունը. «Լավ սոցիոլոգների շատ մեծ պահանջարկ ունի Հայաստանը: Այնպես որ` մասնագիտություն ընտրելիս լավ կլինի հաշվի առնեք այս ամենը»:

ԵՊՀ-ում սովորելն առաջնային նպատակ դարձրած Դարալիկ գյուղի հ.1 ավագ դպրոցի աշակերտուհի Աննան կարծում է, որ Մայր բուհը լավագույն համալսարաններից մեկն է Հայաստանում, եթե ոչ լավագույնը. «Ես որոշել եմ ուսուցիչ դառնալ, իսկ լավագույնս մասնագիտանալու հարցում ինձ համալսարանը շատ կօգնի: Ծնողներս ևս այս բուհում են սովորել, այնպես որ` կփորձեմ նրանց բռնած ուղին լավագույն ձևով շարունակել»:

Դպրոցականները եղան նաև ԵՊՀ գրադարանում: Շատերն առաջին անգամ էին նմանօրինակ հարուստ գրականությամբ համալրված գրադարան տեսնում: Վերջին 2 օրերին ԵՊՀ այցելած դպրոցականների համար բուհում ամեն ինչ իդեալական էր ու շատ ոգևորիչ: Մնում է` մի փոքր էլ համբերեն և լավ սովորեն, իսկ ընդունելության քննությունները լավ հանձնելու դեպքում շատերը կիրականացնեն իրենց երազանքը` կդառնան Մայր բուհի ուսանող` սովորելով իրենց նախընտրած ֆակուլտետում:

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: