25.10.2013 | 
Հասարակություն
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Նոր Ջուղայում Սրբոց Թարգմանչաց և Հայ մշակույթի տոների առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև համալսարանական Ժակ Մանուկյանը:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, դասախոս Ժակ Մանուկյանը Սրբոց Թարգմանչաց և Հայ մշակույթի տոների նախօրեին Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի կենտրոնական դահլիճում հանդիպել է տեղի հայոց ազգային դպրոցների տեսչությունների ու ուսուցչական կազմի ներկայացուցիչների հետ: 

 

Հանդիպման ընթացքում համալսարանականը խոսել է Հայոց պատմության դասավանդման մեթոդիկաի մասին: «Սահմանամերձ զորամասերում ես բազմիցս նշել եմ, որ եթե Ադրբեջանն ունի նավթ կամ գազ, և դա է նրա հարստությունը, ապա մեր հարստությունը մեր զինվորն է, որովհետև նա է պահում սահմանը և նրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք խաղաղ լուսաբացներ դիմավորել, իսկ Սփյուռքում մեր զինվորներն ուսուցիչներն են»,- նշել է Ժակ Մանուկյանը՝ կարևորելով օտար երկրում հայ ուսուցիչների անձնուրաց գործը:

  
Հայոց պատմության դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ քննարկումներից հետո միջոցառումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Հանդիպման վերջում Կրթական և տնօրենների խորհուրդների անունից Ժակ Մանուկյանը ստացավ «Նոր Ջուղայի պատմություն» գիրքը:

 

Իսկ հոկտեմբերի 18-ին Նոր Ջուղայի «Արարատ» միության սրահում նա հանդես է եկել «Հայկական քաղաքակրթության շարունակականությունը» թեմայով զեկույցով: Բանախոսը պատմական ուշագրավ փաստերի միջոցով բնութագրել է հայ լեզվի միավորիչ ուժի, պետականության բացակայության ժամանակ միասնությունը ապահովող կրոնի, «ազգասիրություն» ու «ընտանիք» տարրերից բաղկացած հայ ինքնության կարևոր իրողությունների դերակատարությունը: Դրանից անմիջապես հետո ելույթ է ունեցել տեղի «Կռունկ» ասմունքի ու պարի համույթը:


Հաջորդ օրը երիտասարդ դասախոսը մասնակցել է Նոր Ջուղայի հայ ուսանողների հետ հանդիպմանը, որի ընթացքում բանախոսը ներկայացել է «Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ» թեմայով դասախոսությամբ և պատասխանել ներկաների հարցերին։

 

Հոկտեմբերի 20-ին համալսարանականը հանդիպել է նաև «Քանանեան» աղջիկների և «Կատարինեան» տղաների միջնակարգ դպրոցների աշակերտների հետ: Հանդիպման մասնակիցները զրուցել են «Ինչու սիրել Հայոց պատմությունը» թեմայի շուրջ:

 

 



Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: