26.11.2013 | 
Հասարակություն
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` PR
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ` PR
Հանրային կապի մասնագետները քննարկեցին ոլորտի հիմնախնդիրները:

Այսօր ԵՊՀ Պալյանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Հանրային հաղորդակցություն. արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները. Հայաստան-2013» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետը և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների կենտրոնը:

 

Գիտաժողովը նպատակ ունի ներկայացնելու ակադեմիական և գործնական ոլորտներում տեղի ունեցող հաղորդակցությունն ու PR գործընթացները, իմաստավորել ոլորտի ձեռքբերումները, վեր հանել խնդիրները և զարգացման միտումները, ստեղծել ոլորտի առաջատար մասնագետների միջև համագործակցության ցանց:


Ողջույնի խոսքեր ասացին ոլորտի առաջատար մասնագետները, ովքեր կարևորեցին նմանաբնույթ միջոցառումներն ու իրենց անձնական փորձի, գիտելիքների ու ուսումնասիրությունների միջոցով ներկայացրին PR ոլորտի յուրահատուկ կողմերն ու առկա խնդիրները:


«Հանրային կապերի ոլորտն անցել է երկար ու դժվարին ճանապարհ: Դեռևս 90-ական թվականներից է սկիզբ առել տեղեկատվական պատերազմները, երբ երկիրը պատերազմական դրության մեջ էր: Հենց այդ ժամանակ էլ ինքնըստինքյան սկսեց ոլորտի զարգացման ուղին, որի առաջամարտիկներն էին ուժային կառույցի ներկայացուցիչներն ու լրագրողները: Այսօր արդեն PR մասնագիտությունն ավելի շատ համարվում է ոչ թե բանասիրական, այլ սոցիալական գիտություն»,- նշեց ԵՊԼՀ տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, քաղ. գիտ. թեկնածու Արման Սաղաթելյանը:

 

Բնագավառի տեսական և գործնական խնդիրների մասին խոսեց նաև ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը. «Մայր բուհն արդեն որոշակի քայլեր է արել ոլորտի մասնագետներ պատրաստելու գործում: 2014 թ-ին մենք կունենանք մասնագետների առաջին խումբը, ովքեր կավարտեն մագիստրոսի աստիճանով: Անշուշտ, երկու տարի շատ քիչ է այս երիտասարդ և դեռ զարգացող բնագավառի մասնագետներ պատրաստելու համար, ուստի դեռ շատ խնդիրներ ունենք մեր առջև»:


Գիտաժողովի հատուկ հյուրն է Կիևի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ, տեղեկատվական պատերազմների, մարքեթինգի և ռազմավարական հարցերի տեսաբան Գ. Գ. Պոչեպցովը:

 

«PR-ը ճգնաժամային մասնագիտություն է, ուստի Հայաստանի պարագայում առաջին մասնագետներն ուժային կառույցի ներկայացուցիչներն էին: Արևմուտքում այս մասնագիտությունը զարգացել է, երբ առաջ է քաշվել «զանգվածային ժողովրդավարություն» հասկացությունը: Արդի աշխարհում փոփոխությունները շատ արագ են կատարվում, և միաժամանակ այդ փոփոխությունների հետ փոխվում է նաև կառավարման համակարգերը»,- ասաց Գեորգի Պոչեպցովը:

 

Գիտաժողովը բաղկացած էր երեք սեկցիաներից՝ «Հանրային հաղորդակցության ոլորտի արդի հիմնախնդիրները. PR-ի զարգացման միտումները», «Ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» և «Երիտասարդ մասնագետի ամբիոն», որտեղ զեկույցներով հանդես եկան բուհերի ուսանողներն ու ասպիրանտները:  

 

Հավելենք, որ կազմակերպմանն աջակցում են Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), «SPRING PR» ընկերությունը և «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը(IPSC):

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: