Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ղեկավարությունը Հայ բանասիրության ֆակուլտետի անմիջական աջակցությամբ:
Գրողի ստեղծագործական ուղին ներկայացրեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը, ով ելույթի ընթացքում որպես իր խոսքերի հիմնավորում՝ թևավոր խոսքեր էր ընթերցում:
«Ես պատիվ եմ ունեցել բազմիցս շփվել Հովհաննես Ներզեթյանի հետ և վստահաբար կարող եմ ասել, որ նրա ստեղծագործելու շնորհը բնածին է և աստվածատուր: Հակիրճ, բայց դիպուկ գրելու արվեստը ոչ բոլորին է հասու, ուստի կարծում եմ՝ այս գիրքը երկար կյանք կունենա»,- ասում է Ալեքսանդր Մանասյանը:
Գրքի կարևորության և յուրահատկության մասին խոսեց Հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:
«Գրքեր կան, որ դառնում են կյանքի ուղեկից, խորհրդատու, սակայն գրքել էլ կան, որ ինչպես ծնվում են, այնպես էլ մահանում ու մոռացվում: Հովհաննես Ներզեթյանի այս գիրքն ունի ևս մի կարևոր առանձնահատկություն՝ այն ոչ թե տարբեր տեղերից հավաքած և խմբավորած աֆորիզմների շտեմարան է, այլ արտահայտում է հեղինակի միտքն ու խոսքը՝ հակիրճ ու դիպուկ»,- նշեց պրոֆեսոր Մուրադյանը:
Ելույթ ունեցավ նաև գրքի հեղինակը, ով նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ խոսքերի համար, այնուհետև ներկայացրեց իր ստեղծագործության ծննդի պատմությունն ու նպատակը՝ հայացք նետելով և մեկնաբանելով իր նախորդ ստեղծագործություններին:
«Այս գիրքը գրել եմ դեռևս 70-ական թվականներին, սակայն խորհրդային տարիներին ազատ միտքը և խոսքն անընդունելի էին: Ես բազմիցս եմ դիմել այն տպագրելու համար, սակայն միշտ մերժվել եմ: Այսօր ուրախ եմ, որ կարող եմ մեր հասարակությանը հասցնել իմ սրտի խոսքը»,- ամփոփեց խոսքը Հովհաննես Ներզեթյանը: