ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի նախաձեռնությամբ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «ՀՀ գյուղատնտեսական նպատակներով վճարովի ջրի հատկացման արդյունավետությունը» թեմայով քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին «Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ-ի, ԵԱՀԿ-ի, Երևանի, Ապարանի, Ստեփանավանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները, Հայաստանի Օրհուս կենտրոնների ծրագրերի ղեկավար Լիաննա Ասոյանը, ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնի ղեկավար Ռուբեն Մովսիսյանը և ուրիշներ:
Ուսումնասիրությունը փորձում է հիմնավորել ՀՀ-ում ոռոգման նպատակներով վճարովի ջրի հատկացման ոչ արդյունավետ լինելը, որը չի նպաստում գյուղատնտեսության ինտենսիվ զարգացմանը, ինչպես նաև իր մեջ չարաշահումների և կաշառակերության մի շարք ռիսկեր է պարունակում:
Կենտրոնի իրականացրած հետազոտության արդյունքները, ինչպես նաև Կառավարությանը տրամադրելու համար նախատեսված առաջարկությունների փաթեթը ներկայացրեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:
«Սոցիալական իրավիճակը երկրում բարելավելու, աղքատության տոկոսն իջեցնելու և արտագաղթի դեմ պայքարելու առաջնային միջոցներից մեկը երկրի տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտի զարգացումն է: Այսօր զարգացման տեմպերը դանդաղեցնում են ոռոգման վճարովի ջրերի ոչ արդյունավետ օգտագործումը և ջրօգտագործող ընկերությունների ոչ արդյունավետ աշխատանքը»,- նշեց Մարատ Գրիգորյանը:
Դեկանը հավելեց, որ ուսումնասիրություններն ու ընթացքում իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ ոռոգման համար հատկացված ջուրը պետք է անվճար լինի, ինչը գյուղացուն կօգնի ոչ միայն խուսափել վարկերից, այլև եկամուտ ստանալ: Փոխարենը հետազոտությունն իրականացնողներն առաջարկում են բարձրացնել գյուղական տարածքների հողահարկը:
Քննարկումներին բավականին ակտիվ մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը, բնապահպան, փորձագետ Կարինե Դանիելյանը:
Մասնավորապես Կարինե Դանիելյանն ու Աիդա Իսկոյանը պնդում էին, որ ջուրը բնության բարիք է, որից օգտվելու համար յուրաքանչյուր մարդ անօտարելի իրավունք ունի, սակայն ոռոգման ջրի պարագայում այլ է:
Բնապահպան Կարինե Դանիելյանը ներկայացրեց միջազգային գիտաժողովների ընթացքում բարձրաձայնած մի շարք կարևոր, դեռ չլուծված հարցեր՝ հավելելով, որ համաձայն է հիմնավորումների հետ, սակայն ՀՀ Կառավարությունը չի ընդունի մասնագետների տեսակետները:
Աիդա Իսկոյանն էլ առաջարկեց ոչ թե անվճար դարձնել ոռոգման ջրի մատակարարումը և լուծարել ջրօգտագործող ընկերությունները, ինչը, իրավագետների կարծիքով, իրատեսական չէ, այլ որոշակի երկարաժամկետ արտոնություններ տրամադրել գյուղացուն:
Գևորգ Դանիելյանը ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանին պատրաստակամություն հայտնեց աջակցել առաջարկությունների փաթեթի իրավական կողմի մշակման աշխատանքներին:
Հաջորդ ամփոփիչ քննարկումը կկազմակերպվի տարվա վերջում՝ դեկտեմբերին: