Ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական կառույցների նախաձեռնությամբ Երևանի «Կիլիկիա» մարզադահլիճում անցկացվեց մինի ֆուտբոլի բարեգործական մրցաշար: Նախապես որոշվել էր, որ մրցաշարի ընթացքում հանգանակված ողջ գումարը փոխանցվելու է Գավառի մանկատան երեխաներին:
Մրցաշարին մասնակցում էին Արևելագիտության ու Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների թիմերը, ինչպես նաև իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայ երկրպագուների «Սև-սպիտակ բանակ» ակումբը և Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան ներկայացնող թիմերը: Ֆուտբոլային խաղերն անցան ընդգծված ջերմ մթնոլորտում. բոլոր մասնակիցների նպատակը մեկն էր՝ Ամանորի շեմին ժպիտ պարգևել ուշադրության կարիք զգացող մանուկներին:
Մինի ֆուտբոլի մրցաշարի եզրափակչում վստահ առավելության հասան ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը ներկայացնող «Արևելք» թիմի խաղացողները: Նրանք բոլորից ուժեղը գտնվեցին:
Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ մրցաշարի ժամանակ հաղթողներ ու պարտվողներ չկային. «Մենք բոլորս հաղթող ենք, որովհետև միավորվել ենք պայծառ նպատակի շուրջ: Ողջունելի եմ համարում ուսանողների այսպիսի նախաձեռնությունը»:
Հավելենք, որ ապագա արևելագետների կողմից իրականացվող բարեգործական դրամահավաքը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 30-ը: Այդ օրը նախաձեռնության կազմակերպիչներն ու բոլոր ցանկացողները կայցելեն վերոնշյալ մանկատուն՝ երեխաներին փոխանցելու ամանորյա տրամադրություն ու նվերներ: