11.12.2013 | 
Հասարակություն
«CRRC-ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը 10 ՏԱՐԵԿԱՆ Է
«CRRC-ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը (CRRC) հոբելյանական միջոցառմանը ներկայացրեց անցած ճանապարհն ու հետագա ծրագրերը:

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի գործունեության 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը:

 

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, «CRRC-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանը, Կարնեգի կորպորացիայի փոխնախագահ, Ռուսաստանի և Եվրասիայի միջազգային ծրագրերի տնօրեն Դիանա Արսենիանը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և բարձր գնահատեց «CRRC-Հայաստան»-ի գործունեությունը՝ ի նպաստ Մայր բուհի և ընդհանրապես ամբողջ երկրի:

 

«Մայր բուհը սերտորեն համագործակցում է կենտրոնի հետ, և այդ համագործակցությունը բավականին արդյունավետ է: Ռեսուրսային կենտրոնն իր ուժերի չափով նպաստել է համալսարանականների հետազոտական, կրթական աշխատանքների իրականացման մեջ հմտանալու գործին: Սակայն պետք է նշել, որ կենտրոնը նաև հետազոտական մեծ ներուժ ունի և տարիների ընթացքում հետազոտական գործունեության մեծ փորձ է կուտակել»,- ասաց Արամ Սիմոնյանը:

 

Վաչե Գաբրիելյանը նույնպես շնորհավորեց կենտրոնի հոբելյանը, մաղթեց բեղուն ճանապարհ և ընթերցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

 

«Կենտրոնը մեծ ավանդ ունի Հայաստանի հասարակագիտական հետազոտությունների զարգացման կարևոր գործում: Առանձնահատուկ շնորհավորում եմ ԵՊՀ-ին, Կարնեգի կորպորացիային և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամին այսպիսի գործունակ կենտրոն ձևավորելու և գործունեությանը աջակցելու համար»,- նշված էր վարչապետի ուղերձում:

 

Այնուհետև Վաչե Գաբրիելյանը «CRRC-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Հեղինե Մանասյանին հանձնեց Տիգրան Սարգսյանի հուշամեդալը:

 

CRRC-Հայաստանի գործունեությունը գնահատեցին, շնորհավորանքի և շնորհակալական խոսքեր ասացին նաև մյուս հյուրերը:

Միջոցառման վերջում Հեղինե Մանասյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին ջերմ խոսքերի, մասնակիցների՝ կենտրոնի հետագա ծրագրերի հանդեպ հավատով լցված լինելու, ինչպես նաև համագործակցության պատարստակամություն հայտնելու համար, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց կենտրոնի կատարած աշխատանքները:

 

«Այսօր, հիրավի, շատ պատասխանատու օր է մեզ համար: Մենք ունեցել ենք հզոր աջակիցներ, որոնց շնորհիվ էլ կարողացել ենք արդյունավետ գործունեություն ծավալել և հրաշալի արդյունքներ գրացել: Եթե սկզբնական շրջանում մենք մի կառույց էին, որ միջազգայինն ամփոփում և արտացոլում էր ազգայինի մակարդակով, այսօր արդեն հպարտությամբ պետք է ասեմ, որ ազգայինն ենք տարածում միջազգային հանրության մեջ: Ձեր ջերմ խոսքերը որքան հաճելի, այնքան էլ պարտավորեցնող են»,- նշեց Հեղինե Մանասյանը:

 

Հավելենք, որ այսուհետ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը գործելու է ԵՊՀ գրադարանի մասնաշենքի 6-րդ հարկում: Նախկինում այն տեղակայված էր ԵՊՀ 6-րդ մասնաշենքում:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։