11.12.2013 | 
Հասարակություն
ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ Է
ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ Է
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ապագա դիվանագետները հյուրընկալել էին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի հիմնադիր-տնօրեն Վահե Գաբրիելյանին:

Հանդիպման սկզբում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը խոսեց ֆակուլտետի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև արդեն ավանդույթ դարձած համագործակցությունների մասին, որոնց նպատակն է խորացնել ուսանողների գիտելիքները և հեշտացնել նրանց հետագա գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:

 

Վահե Գաբրիելյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի միակ դիվանագիտական դպրոցի գործունեությունը, խոսեց դիվանագետի աշխատանքի նրբությունների, այժմյան պահանջների ու միտումների մասին: Դիվանագիտական դպրոցը նպատակադրված է ապահովել հենց այդ պահանջներն ու միտումները` կիրառելով նոր մեթոդներ և ժամանակակից գրականություն:


Ինչպես նշեց Վահե Գաբրիելյանը, դպրոցը կոչված չէ փոխարինելու համալսարաններին, այստեղ խնդիրներն ավելի հստակ են` պատրաստել երիտասարդ կադրեր և իրականացնել վերապատրաստման դասընթացներ տարբեր գերատեսչությունների աշխատակիցների համար:


Դիվանագիտական դպրոցի տնօրենը ներկայացրեց նաև դպրոցի ընդունելության կարգը, խոսեց դասընթացի մեթոդների մասին: Նա նշեց, որ այս տարվա ընդունելությունն արդեն մեկնարկված է, և ցանկացողները կարող են դիմել: Դիվանագիտական դպրոց կարող են դիմել ոչ միայն ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, այլև տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Ուսուցումն անվճար է, և ուսանողները կարող են ուսմանը զուգահեռ նաև աշխատել: Դասախոսները հրավիրվում են արտերկրի լավագույն համալսարաններից: Ընդունելության համար անհրաժեշտ են լեզուների իմացություն, ընդհանուր տեղեկատվություն, մասնագիտական որոշակի բառապաշարի տիրապետում, ինչպես նաև գիտելիքները դրսևորելու հմտություն:

 

Ուսումնառության ընթացքում կազմակերպվում են ուսումնական այցեր դեպի Արցախ, իսկ անցյալ տարվանից` նաև եվրոպական երկրների միջազգային կառույցներ: Դասընթացի վերջում տրվում է վկայական:

 

Հանդիպման ավարտին Վահե Գաբրիելյանը պատասխանեց ուսանողների հարցերին:

Այլ նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՆ ԱՐՑԱԽՈՒՄ․ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԿՈՉՈՎ
2022 թ․ հուլիսի 15-19-ը ԵՊՀ-ում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի է ունեցել «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում ավելի քան երեսուն օտարերկրյա և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Այսօր հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով «Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի» (ԿՄՕ) մասնակիցները շրջայց են կատարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց–թանգարանում, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: