12.12.2013 | 
Կրթություն
ՀԵՌԱՎԱՐ ՍԵՄԻՆԱՐԸ ՎԱՐԵՑ ԻՏԱԼԱՑԻ ԴԱՍԱԽՈՍԸ
ՀԵՌԱՎԱՐ ՍԵՄԻՆԱՐԸ ՎԱՐԵՑ ԻՏԱԼԱՑԻ ԴԱՍԱԽՈՍԸ
«Tête-à-Tête» հեռավար ուսուցման ծրագրի շրջանակներում առաջին դասընթացը տեղի ունեցավ իտալերենի մասնագետների համար:

ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում դեկտեմբերի 11-ին հետաքրքիր ու ինքատիպ միջոցառում էր կազմակերպվել. Ռոմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ հեռավար ուսուցման սկզբունքով անցկացվեց առցանց սեմինար: Իտալիայից ուղիղ կապով Երևան էր միացել Պերուջայի` արտասահմանցիների համար նախատեսված համալսարանի անվանի դասախոս Նատալե Ֆիորետտոն, ով էլ վարեց առցանց սեմինար-դասընթացը:

«Կարծում եմ` նմանատիպ բան դեռ չէր եղել: Այսպիսի մասնագիտացված դասընթացը` արտասահմանցի դասախոսի անմիջական մասնակցությամբ, բավականին օգտակար ու կարևոր է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար»,- ասաց առցանց սեմինարի կազմակերպիչ Գրիգոր Ղազարյանը, ով ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ասիստենտ է, «Tête-à-Tête» հեռավար ուսուցման ծրագրի հիմնադիր:

Սեմինարի ընթացքում Նատալե Ֆիորետտոն ոչ միայն դասախոսություն կարդաց ԵՊՀ ուսանողների համար, այլև բավականին հետաքրքիր ու նոր դասավանդման մեթոդներ ներկայացրեց միջոցառմանը ներկա Ռոմանական բանասիրության ամբիոնի դասախոսներին: Սեմինարի ընթացքում Պերուջայի համալսարանի դասախոսը փոքրիկ վարժություն հանձնարարեց բոլոր մասնակիցներին. հարկավոր էր լսել դասընթացը և կատարել առաջադրանքը:

«Այսպիսի հնարավորությունը թույլ է տալիս ավելի սերտացնել մեր կապերն արտերկրի բուհերի հետ: Ուրախ ենք, որ ուսանողության շրջանում հետաքրքրություն էր առաջացել այս միջոցառման նկատմամբ և նրանք սիրով մասնակցեցին: Վստահ եմ` հետագայում այսօրինակ միջոցառումներն ավելի կընդլայնվեն»,- ասաց Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը:

Սեմինարի վերջում մասնակիցները մեծ ոգևորությամբ իրենց հարցերն ուղղեցին Պերուջայի համալսարանի դասախոս Նատալե Ֆիորետտոյին` ստանալով հստակ պատասխաններ: Դասընթացից գոհ էին նաև մասնակից ուսանողները. նրանց համար սա շատ հետաքրքիր ու կարևոր փորձ էր, չէ՞ որ միշտ չէ, որ հանդիպում ու խոսում են լեզվակիր դասախոսների հետ:

Այլ նորություններ
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ: