12.12.2013 | 
Կրթություն
ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ
ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ
Դիվանագետ, պատմաբան Արա Պապյանը հանդիպեց ապագա փիլիսոփաների ու հոգեբանների հետ:

Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողության հյուրն էր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, 2000-2006 թթ. Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Նրան Մայր բուհ էր հրավիրել ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

«Մայր բուհի ուսանողները պետք է լավ տեղյակ լինեն Հայկական հարցի հիմնախնդրին և լավ հասկանան, թե որն է մեր արտաքին քաղաքականության ճիշտ ուղին: Վստահ եմ, որ դասախոսությունս կհետաքրքրի ու կդրդի սեփական հետազոտության»,- ասաց Արա Պապյանը՝ Մայր բուհի ուսանողներին ներկայացնելով «Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ուղին» խորագրով դասախոսությունը:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, ով ներկա էր միջոցառմանը, նշեց, որ այսօրինակ հանդիպումները շատ կարևոր են ուսանողների համար. «Հաճախ հարկավոր է ուսանողներին այսպիսի մարդկանց հետ հանդիպելու առիթներ ընձեռել: Միջոցառման այս տեսակը ոչ միայն հետաքրքիր է, այլև ունի ուսուցողական մեծ նշանակություն»:

Ֆակուլտետային ՈՒԽ նախագահ Դավիթ Թորոսյանը համոզված է ու վստահ, որ այս միջոցառումը շատ գիտելիքներ տվեց ուսանողներին. «Գուցե ապագա հոգեբաններն ու փիլիսոփաները մասնագիտական առումով նորույթ չստացան, սակայն ստացան արժեքավոր գիտելիքներ, որոնք այսօր էլ անհրաժեշտ են ցանկացած հայի: Կարծում եմ՝ այսօրինակ միջոցառումները շարունակական կլինեն, քանի որ դրանք հետաքրքիր են ուսանողների համար: Պատահական չէ, որ մեր միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ակտիվ ուսանողները»:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը Մայր բուհ դատարկաձեռն չէր եկել. նա ուսանողների համար բերել էր «Հայոց պահանջատիրության իրավական հիմքերը» վերնագրով հոդվածների ժողովածու:

 «Ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց հանդիպելու ԵՊՀ ուսանողների հետ ու նրանց ներկայացնելու ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ: Այդ վճիռն ունի իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս միջազգային հարթակներում հանդես գալ տարածքի պահանջատիրությամբ»,- միջոցառման ավարտից հետո ասաց Արա Պապյանը:

Հանդիպման ավարտին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը շհորհակալագիր հանձնեց դիվանագետին՝ չափազանց կարևոր թեմայի մասին դասախոսություն կարդալու համար: Արա Պապյանն էլ հույս հայտնեց, որ շատերին կտեսնի «Մոդուս Վիվենդի» կենտրոնում:

Այլ նորություններ
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ: