12.12.2013 | 
Կրթություն
ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ՃԻՇՏ ԽՈՍՔ ԵՎ ԼԻՆԵԼ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ
ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑԵԼ ՃԻՇՏ ԽՈՍՔ ԵՎ ԼԻՆԵԼ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԻ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Հանրային ելույթ» խորագրով սեմինար-մրցույթ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման նպատակը ուսանողներին հրապարակախոսության առանձնահատկությունները ներկայացնելն էր, ինչպես նաև խոսքը ճիշտ կառուցելու արվեստին ծանոթացնելը:

 

Սեմինարի ընթացքում փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է կազմել խոսքը, ճիշտ ելույթ ունենալ, ինչ ընդունված միջոցներ օգտագործել ելույթում ու լինել ներկայանալի: Բանախոսն անդրադարձավ նաև ճառի կառուցմանն ու ելույթի կազմակերպմանը` խորհուրդ տալով օգտագործել բոլոր մոդելները, քանի որ դրանք ցանկացած իրավիճակում կարող են տարբեր ազդեցություններ ունենալ:

 

«Հաջող ելույթ ունենալու առաջին նախապայմանը, թերևս, իրազեկությունն է տվյալ խնդրի շրջանակներում: Անհրաժեշտ է ուսումնասիրել հակասական մոտեցումները, տալ գնահատականներ տվյալ երևույթներին: Պետք է նկատի ունենալ, որ դաշտում եղած մոտեցումների վերաբերյալ սեփական տեսակետի ձևավորումը, ինչպես նաև ցանկացած իրավիճակում կողմնորոշվելու, արագ մտածելու կարողությունները շատ կարևոր են, որովհետև տեխնոլոգիան մի դեպքում կաշխատի, իսկ մյուս դեպքում հակառակ էֆեկտը կունենա կամ բացասական արդյունք կարձանգրի»,- նշեց հանդիպման հյուրը:

 

Միջհամալսարանական միջոցառմանը մասնակցող շուրջ 30 ուսանողները ընտրվել են իրենց ուղարկված հայտերի հիման վրա, որոնց մեջ նշված է եղել մի քանի հարցերի պատասխաններ: Ըստ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ քարտուղար Անահիտ Չալիկյանի` հաշվի է առնվել, թե ինչ կրթական բազա ունեն ուսանողները, և թե որքանով է համապատասխանում այս միջոցառումն իրենց մոտեցումներին ու պատկերացումներին: Մասնակիցները ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից էին, այլև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից և ՀՀ պետական կառավարման ակադեմիայից:

 

Կարևոր համարելով մայրենի լեզվի կարողությունները զարգացնելը` միջոցառման հեղինակները փորձել էին կոտրել այն կարծրատիպը, ըստ որի` վերջին շրջանում նկատվում էր միտում, որ շատ հաճախ երիտասարդությունը, մասնավորապես ուսանողությունը, ավելի հանգիստ է այն պարագայում, երբ իրենցից խոսք են ակնկալում օտար լեզվով, այլ ոչ մայրենիով: Կազմակերպիչների հավաստմամբ` մայրենիով խոսելը հայ երիտասարդի համար այլևս խնդիր չի լինելու:

 

Ի դեպ, միջոցառումը բաղկացած է երկու փուլից, որի երկրորդ մասը տեղի կունենա վաղը: Այդ փուլում մասնակիցներին տրվելու է հինգ ոլորտ, որոնց շրջանակներում հենց իրենք են առաջարկելու թեմաներ` ելույթները կառուցելու համար:

 

Այլ նորություններ
«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ»․ ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) միջազգային երիտասարդական 8-րդ գիտաժողովի բացման արարողությունը: Գիտաժողովն այս տարի նվիրված է ՈՒԳԸ հիմնադրման 75-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ
«Էրազմուս+» ծրագրի «MODEST» նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային դոկտորական դպրոցը համախմբում է աշխարհի մի շարք համալսարանների ներկայացուցիչների, որոնք կարդալու են տարաբնույթ դասախոսություններ՝ դոկտորական կրթության զարգացման, դասավանդման մեթոդաբանության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ: