19.12.2018 | 
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱԲԿԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԲԱԲԿԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր տեղի ունեցավ Ֆիզիկայի ֆակուլտետի և Ֆիզիկայի գիտահետազատական ինստիտուտի (ՖԳՀԻ) գիտական խորհուրդների համատեղ նիստը՝ նվիրված ԵՊՀ պրոֆեսոր Բաբկեն Խաչատրյանի հիշատակին:

Նիստին ներկա էին Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, Բաբկեն Խաչատրյանի ընկերներ և հարազատներ:

 

 

Նիստի հիմնական նպատակն էր ևս մեկ անգամ հիշել և մեծարել անվանի գիտնական, Տեսական ֆիզիկայի ամբիոնի բազմավաստակ պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Բաբկեն Խաչատրյանին:

 

Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանը տեսապատկերի միջոցով ներկայացրեց պրոֆեսորի անցած ճանապարհը և գիտամանկավարժական գործունեության հիմնական ուղղությունները:

 

«Քանի որ Բաբկեն Խաչատրյանի մահը համընկավ արձակուրդների շրջանի հետ, և շատերը չկարողացան նրան հրաժեշտ տալ, ֆակուլտետի կողմից որոշվեց գիտխորհուրդների տարեկան վերջինը նիստը նվիրել նրա հիշատակին»,- ասաց Ա. Սահարյանը:

 

«Բաբկեն Խաչատրյանը կյանքից հեռացել է այս տարվա հուլիսին: Նա համալսարանում դասավանդել է անցյալ դարի 60-ական թվականների սկզբից, կրթել է ֆիզիկոսների բազմաթիվ սերունդներ։ Նրա դասախոսությունների ցանկում ընդգրկված են եղել տեսական ֆիզիկայի գրեթե բոլոր ընդհանուր դասընթացները:  Շատ հայտնի և սիրված է եղել ուսանողների ու հանրապետության ֆիզիկոսների շրջանում։ Բաբկեն Խաչատրյանը նաև հայտնի գիտնական էր, հեղինակել է 60-ից ավելի գիտական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկներ, ղեկավարել է թեկնածուական ատենախոսություններ»,- ներկայացրեց Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչը:  

 

 

Նիստի ընթացքում Բաբկեն Խաչատրյանի գիտամանկավարժական գործունեության և կյանքի հետաքրքիր պատմություններով ու հուշերով կիսվեցին նաև ֆակուլտետի դասախոսները, նրա ընկերներն ու նախկին սաները:

 

Միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալետա Դանագուլյանը ներկայացրեց համալսարանում Բաբկեն Խաչատրյանի հետ ուսումնառության տարիներից հետաքրքիր դրվագներ:

 

Տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանն էլ վերհիշեց համատեղ աշխատանքային տարիներին տեղի ունեցած հումորային դրվագները:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏՆ ԱՆԿԱՆՈՆ ՎԱՐՔ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ
Հյուսիսային մագնիսական բևեռն անկախատեսելիորեն Կանադայից շարժվում է դեպի Սիբիր: Շարժումը ստիպում է փորձագետներին այսօր թարմացնել աշխարհի մագնիսական մոդելը (World Magnetic Model), որն օգնում է գլոբալ նավիգացիային:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է մոտ 15 օր առաջ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից հրավիրված մամուլի ասուլիսում բարձրացված հարցերին և իր ղեկավարած գերատեսչության կողմից համալսարանում մոտ 6 ամիս իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հանրությանը մատուցել է ստահոդ տեղեկատվության հերթական չափաբաժինը: