21.01.2019 | 
Գիտություն
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԹՌՉՈՒՆՅԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ԹՌՉՈՒՆՅԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
ԵՊՀ դոկտորներ Ա. Թռչունյանի և Կ. Թռչունյանի հեղինակած «Վերանայված խմորում. ինչպե՞ս են միկրոօրգանիզմները գոյատևում էներգիայի սահմանափակման պայմաններում» վերնագրով տեսակետային հոդվածը տպագրվել է հեղինակավոր «Trends in Biochemical Sciences» 15.678 ազդեցության գործակից ունեցող ամսագրում:

Հոդվածի հեղինակներ են ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Արմեն Թռչունյանը և Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն Կարեն Թռչունյանը:

 

Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հոդվածը վերաբերում է խմորման ընթացքում (Էներգիայի սահմանափակ պայման) պրոտոնաշարժ ուժի այլընտրանքային ուղիների առաջացմանը:

 

«Այն գիտության մեջ ներկայացնում է «Մանրէների հիդրոգենազները՝ որպես պրոտոնազգայուն համակարգեր» նոր գաղափարը, ինչպես նաև հոդվածում քննարկվում է տարբեր գործոնների դերը պրոտոնաշարժ ուժի կարգավորման գործում»,- հավելեց նա։

 

Հոդվածի համահեղինակի խոսքով, այս հոդվածը գրելու համար հիմք է հանդիսացել  անգլիացի աշխարհահռչակ կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Պիտեր Միտչելի կողմից 1961 թ.-ին առաջարկված քեմիօսմոսային տեսությունը, ըստ որի՝ թթվածնի առկայության պայմաններում միտոքոնդրիումներում մեր օրգանիզմի գլխավոր էներգակիր մոլեկուլ ԱԵՖ-ի սինթեզը զուգորդվում է պրոտոնների տեղափոխմամբ և առաջանում է պրոտոնաշարժ ուժ։

 

«Մենք նրա տեսությանն ավելացրել ենք խմորման ընթացքում պրոտոնաշարժ ուժի առաջացման նոր այլընտրանքային ուղիների առկայության հնարավորությունները և փորձնականորեն ցույց տվել, որ հիդրոգենազ ֆերմենտները ներդրում ունեն այս գործընթացում»,- ասաց նա և ընդգծեց, որ խմորման ընթացքում նմանատիպ հետազոտություններն ունեն նաև մեծ կիրառական նշանակություն բժշկության ոլորտում, քանի որ կարող են օգտագործվել տարբեր բակտերիաների ոչնչացման, հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի, հաղթահարման համար։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում այսօր տեղի է ունենում «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողով, որն ուղեկցվում է սոցիալական ձեռնարկությունների ցուցահանդես-վաճառքով:
«ՍԱ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՍԿԻԶԲ Է». ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնն այսօր հյուրընկալել էր Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարին: