01.06.2019 | 
Հասարակություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ այսօր ԵՊՀ-ում էին հյուրընկալվել Ֆարմացիայի ինստիտուտի դասախոսների երեխաները և թոռնիկները:

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլև Երեխաների պաշտպանության միջազգային օր: 

 

ԵՊՀ-ն ևս անմասն չմնաց  օրվա խորհրդին՝ իր հարկի տակ հյուրընկալելով մի խումբ դասախոսների երեխաներին և թոռնիկներին:

 

Մայր բուհում մթնոլորտը տոնական էր. փուչիկներ, զարդարանքներ, խաղեր, երգեր և, իհարկե, մանուկների ժպիտներ։

 

Միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Ֆարմացիայի ինստիտուտի  ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչ Հայարփի Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա լավագույն հնարավորությունն էր՝ երեխաներին ծանոթացնելու իրենց ծնողների կամ պապիկ-տատիկների աշխատավայրին՝ սեր և ջերմություն առաջացնելով համալսարանի հանդեպ. «Ծնողներն իրենց օրվա մեծ մասն անցկացնում են այստեղ, իսկ երեխաների համար դեռևս «անիմանալի» է այդ վայրը, ուստի սա պատեհ առիթ էր՝ փոքրիկներին ծանոթացնելու և մտերմացնելու Մայր բուհի հետ»:

 

Ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սամվել Վարդապետյանն էլ նշեց, որ ինքը մտադրված էր մեկ այլ վայրում նշելու մանուկների տոնը, բայց իմանալով միջոցառման մասին՝ միացավ իր գործընկերներին: «Ես մեծ սիրով իմ երեք թոռնիկների հետ եկա այստեղ: Այսպիսի միջոցառումները մեզ՝ գործընկերներիս, ավելի են մտերմացնում, իսկ երեխաների հետ ժամանակն անցկացնելը միշտ էլ հաճելի ու ջերմ է»: 

 

Փոքրիկներից Անահիտ Գալստյանը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ էր եկել մայրիկի հետ:

 

Փոքրիկն արդեն որոշել է, թե ապագայում ինչ մասնագիտություն է ընտրելու, իսկ այն հարցին, թե նորից կգա ԵՊՀ,  նա պատասխանեց. «Այստեղ ամեն ինչ հետաքրքիր և գեղեցիկ է»:

 

Տոնը նշվեց ջերմ մթնոլորտում. մանուկները ծնողների օգնությամբ մի քանի փորձեր կատարեցին, խաղեր կազմակերպեցին, մուլտֆիլմեր դիտեցին և լուսանկարվեցին:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ու Մոսկվայի Մ. Լոմոնոսովի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի միջև այսօր կնքվել է համագործակցության համաձայնագիր։