17.10.2019 | 
Ուսանողական
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՎԱԾ ԴԱՍԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ սև շենքի դահլիճում հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ուսանողները հանդիպեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ Հրանտ Սարկիսովի, Շուլի Հակոբյանի, Սեյրան Մարգարյանի և քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբոր՝ Ժորա Աբգարյանի հետ:

Միջոցառման կազմակերպել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն և Երիտասարդ կովկասագետների ասոցիացիան:

 

Ողջունելով ուսանողներին՝ Հայաստանի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի դափնեկիր Շուլի Հակոբյանն ընդգծեց, որ ինչպես նախորդ հանդիպումներին, այս անգամ ևս աղջիկների թիվը գերակշռում է, ինչը խոսում է այն մասին, որ նրանք ավելի հետաքրքրված են:

 

«Այս միջոցառման նպատակը, ռազմական տերմինով ասած, փորձի փոխանակումն է, բայց ես կուզեի նաև ձեզ լսել, քանի որ Ապրիլյան քառօրյային դուք ձեր մասնակցությունն ու ներդրումն եք ունեցել՝ մեզ անհրաժեշտ սնունդ, հագուստ ու առաջին պարագաներ ուղարկելով»,- նշեց Շուլին:

 

Վերջինս փաստեց, որ գնալով մեծանում է կրակային պատրաստության դասընթացներին մասնակցող և զենքից օգտվել սովորող աղջիկների թիվը:

 

Վերոնշյալի մասին հիշատակեց նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը:

 

Նա պատմեց քառօրյա պատերազմից հետո Գյումրիում մարտական ակումբ հիմնելու անհրաժեշտության մասին, որի շարքերն օր օրի համալրվում են նորեկներով:

 

«Մենք ապրում ենք պատերազմական վիճակում գտնվող երկրում, և այստեղ յուրաքանչյուրը պետք է ունենա բավարար գիտելիքներ, որոնք կկարողանա հարկ եղած դեպքում ճիշտ ծառայեցնել իր հայրենիքին, ուստի կարևոր է  դպրոցում ստացած տեսական գիտելիքները  կիրառել գործնականում»,- նշեց  Ժորան:

 

Նրա տեղեկացմամբ, Գյումրիի մարտական ակումբի կազմում տարբեր տարիքային խմբեր կան, ներգրավված են նաև աղջիկներ, որոնք ծանոթանում են զենքի օգտագործման կանոններին, ցանկանում են մարտական գործողությունների մասին ոչ թե գրքերից կարդալ, այլ տեղեկանալ հենց այդ գործողությունների մասնակիցներից:


«Պատերազմի ժամանակ մենք էլ չենք ունենա դրան պատրաստվելու այն ազատ ժամանակը, որն ունենք հիմա և որը պետք է ճիշտ տնօրինենք»,-ասաց Ժորա Աբգարյանը:

 

Ապրիլյան քառօրյայից ստացած դասերի և հետագա անելիքների մասին խոսեց նաև Հրանտ Սարկիսովը:

 

Ուսանողներից մեկի այն հարցին, թե ինչու նա ընտրեց քաղաքականությունը, Հրանտը պատասխանեց. «Զորացրվելուց որոշ ժամանակ հետո պատահական հանդիպեցի ընդդիմադիր գործիչներից մեկին, որն ուզում էր լսել իմ կարծիքը բանակում եղած թերությունների մասին: Այդ հանդիպումները սկսեցին պարբերական բնույթ կրել, և ընդդիմադիր դաշինքի ձևավորվելուն պես ինձ հրավիրեցին այնտեղ: Ես շուտով անդամագրվեցի կուսակցությանը և սկսեցի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ. նպատակը քաղաքական առաջնորդներին բանակում առկա խնդիրների, թերությունների, բացերի մասին տեղեկացնելն էր և, իհարկե, դրանց աստիճանական լուծմանը նպաստելը»:

 

 Հրանտի խոսքով, բանակում ոչ միայն խնդիրներ ու բացթողումներ կան, այլև գովասանքի արժանի ծրագրեր, որոնք այս կամ այն պատճառով մնում են ստվերում:

 

Նա խոսեց նաև Հայաստանում տարկետում չլինելու և աղջիկների՝ բանակում ծառայելու անհրաժեշտության մասին և համեմատություն անցկացրեց Իսրայելի բանակի հետ:

 

Սա միանշանակ չընդունվեց լսարանի կողմից, ուստի քննարկման և բանավեճի առիթ դարձավ:

 

Հանդիպման վերջում ցուցադրվեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ֆիլմեր:

 

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: