25.08.2020 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՀԽ ՆԱԽԱԳԱՀ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՀԽ ՆԱԽԱԳԱՀ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը:

Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի՝ նախապես ուղարկված և հաստատված օրակարգային առաջին հարցով նախատեսված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։

 

ՀԽ նախագահի պաշտոնում ԵՊՀ ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանն առաջադրեց ՀԲԸՄ-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանի թեկնածությունը՝ փաստելով, որնա ղեկավարում է ամենամեծ համահայկական կառույցը, աշխատում բարերարների ու գործարարների հետ. «Նա իր պրոֆեսիոնալիզմով և հմտություններով կկարողանա կազմակերպել ֆինանսական ներհոսքը դեպի համալսարան և այն ավելի կայուն դարձնել: Բացի դրանից՝ կմեծացնի համալսարանի համագործակցության շրջանակը»:

 

Վազգեն Յակուբյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ առաջարկությունն անակնկալ էր, և ասաց, որ ծանրաբեռնվածությունից ելնելով՝ ստիպված է մերժել առաջարկությունը, քանի որ ըստ նրա՝ ՀԽ նախագահի պարտականությունը բավականին ծանր և պատասխանատու գործ է, իսկ համատեղումն արդյունավետ չէ:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջադրեց «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի թեկնածությունը՝ նշելով, որ վերջինս համալսարանական է, դաշտում ընկալելի մարդ է, սրտացավ համալսարանի հանդեպ. «Նա մի մարդ է, որն անկախ տարբեր դրսևորումներից՝ պաշտպանում է համալսարանի շահը»:

 

Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջադրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի թեկնածությունը՝ փաստելով, որ համալսարանի ռազմավարության և տեսլականի համաձայն՝ ԵՊՀ-ն որպես հետազոտական բուհ կերտելու ակնկալիք կա, և որ Ս. Հայոցյանի՝ գիտության ոլորտում կազմակերպական աշխատանքները համակարգելու փորձառությունը կարող է այդ հարցում նպաստավոր լինել համալսարանի համար:  Սարգիս Հայոցյանը հրաժարվեց իր թեկնածությունից:

 

 

Գևորգ Մուրադյանը, լինելով նախագահի միակ թեկնածուն, ներկայացրեց իր կենսագրությունը՝ նշելով, որ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող, ավագ գիտաշխատող և դասախոս: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային և հետազոտական ծրագրերի: Գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ում, Իտալիայում և Գերմանիայում: Եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ հետո՝ գլխավոր խորհրդականը:

 

Գևորգ Մուրադյանին ՀԽ անդամները հղեցին տարաբնույթ հարցեր, մասնավորապես բուհի կառավարման ձևաչափի, տարբեր գործընթացներում մասնակցայնության, թափանցիկության ապահովման վերաբերյալ և այլն:

 

Ըստ Գևորգ Մուրադյանի՝ համալսարանի խնդիրները շատ են՝ սկսած կադրային քաղաքականությունից և ավարտած ֆինանսավորման հարցերով: Առկա պայմաններում, նրա համոզմամբ, ԵՊՀ ռեկտորը պետք է լինի կառավարիչ-մենեջեր և ունենա գիտնական տեղակալներ, այլ ոչ հակառակ տրամաբանությամբ: Նա նշեց, որ այս ընթացքում քննարկվել են մի շարք հիմնախնդիրներ, տարվել են բանակցություններ, և մշակվել լուծման եղանակներ:

 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների 18 կողմ ձայներով Գևորգ Մուրադյանը վերընտրվեց ՀԽ նախագահ:

 

Քարտուղարի պաշտոնում ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանն առաջադրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ վերջինս 4 տարի աշխատել է այդ պաշտոնում և գերազանց կատարել իր պարտականությունները: Գ. Մուրադյանը ևս հավանության արժանացրեց առաջարկը:

 

 

Միքայել Մալխասյանն իր ելույթում նշեց, որ կարևորն իրավական ընթացակարգին հետևելու գործելաոճն է: Մ. Մալխասյանի թեկնածությունը հաստատվեց ՀԽ անդամների 29 կողմ ձայներով:

 

Նիստի ամբողջական տեսագրությունը՝ https://www.youtube.com/watch?v=ul3vbafML6I&t=7s :

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՌԱՀ-Ի ՀԵՏ
ԵՊՀ-ի և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի միջև այսօր կնքվել է համագործակցության պայմանագիր՝ նպատակ ունենալով հաստատելու երկկողմ գործունեություն կրթության, գիտական և ուսումնամանկավարժական ոլորտներում:
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՊՀ-Ի ՈՒ ԻՐԱՔԻ ԴՀՈԿԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
Երևանի պետական համալսարանի և Իրաքի Դհոկի համալսարանի միջև այսօր կնքվեց համագործակցության համաձայնագիր: