27.10.2022 | 
Կրթություն
ՄԵԾԱՆՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍԵԿՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ՄԵԾԱՆՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ ԷԴՈՒԱՐԴ ՍԵԿՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի ունեցավ բժշկագիտության նշանավոր ներկայացուցիչ, հայրենական ֆարմակոլոգիայի դպրոցի հզոր և առանցքային հիմնասյուն, ականավոր գիտնական, պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանի 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:

Էդ. Սեկոյանի երկարամյա ու բեղմնավոր գիտական գործունեությունը նյարդաբանության ոլորտում նշանակալի ներդրում է ուղեղի արյան շրջանառության նեյրոգեն և նյութափոխանակային կարգավորման ժամանակակից հայեցակարգերի զարգացման գործում։ Նրա գիտական կարևորագույն նվաճումներից է ուղեղի գլիկոսֆինգոլիպիդների դերի մասին համոզիչ ապացույցների ձեռքբերումը, որոնց նախկինում վերագրվում էին միայն պլաստիկ գործառույթներ ուղեղի անոթային պաթոլոգիայի զարգացման կասկադային մեխանիզմներում։

 

Հատկանշական է պրոֆեսորի դերը Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ձևավորման և կայացման գործում: Ավելի քան 200 գիտական աշխատությունների, բազմաթիվ գյուտերի, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակի ղեկավարությամբ կատարվել և հաջողությամբ պաշտպանվել են ատենախոսական և դոկտորական  մի շարք աշխատանքներ:

 

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, գործընկերները և ուսանողները ներկայացրին մեծանուն գիտնականի մասին իրենց հիշողությունները, որոնց ամբողջությունը խտացված գույներով խճանկար էր հիշեցնում:

 

Պրոֆեսորի մասին խոսելիս ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Վարդապետյանը կարոտով հիշեց ավագ գործընկերոջը:

 

«Սեկոյանն այն գիտնականներից էր, որի դասախոսությունները լսելու համար շատերը դիմում էին ԵՊՀ: Չեմ վարանի ասել, որ ԵՊՀ-ի հանդեպ ունեցած սերն էր, որ չնայած զբաղվածությանը՝ նա դասախոսություններ էր կարդում ֆարմացիայի ինստիտուտում՝ կիսելով իր փորձն ուսանողների հետ»,- ժպիտով ասաց Ս. Վարդապետյանն ու ներկայացրեց լուսանկար, որտեղ միասին էին, ու բնութագրեց վերջինիս՝ որպես սկզբունքային, ազատամիտ և անսահման բարի գիտնականի:

 

Էդ. Սեկոյանը բազմաթիվ սերունդների է կրթել: Նրա վերջին շրջանի ուսանողներից է ինստիտուտում սովորող Սոնա Եգորյանը, որը նպատակ էր դրել հետագայում գիտնականի հետ համագործակցելու: Պրոֆեսորի մասին խոսելիս Ս․ Եգորյանը միանգամից սկսեց նկարագրել հագուստը, կեցվածքն ու քայլվածքը:

 

 

«Դանդաղ ու մտազբաղ էր քայլում Էդուարդ Սեկոյանը` պատասխան ողջույններ փոխանցելով ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին: Նա ժպտում էր՝ աչքերում ամբարելով մի ողջ բարություն, ապա՝ մինչև լսարան հասնելը, պատասխանում ուսանողներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջում փորձում էր հասկանալ՝ ստացա՞ն հետաքրքրող պատասխանը, թե՞ ոչ: Սեկոյանն այն սակավաթիվ դասախոսներից էր, որի դասավանդած առարկայի քննություններին բոլոր ուսանողները մեծ ոգևորությամբ էին ներկայնում․ նրանց համար դա ևս մեկ հնարավորություն էր շփվելու Սեկոյան անհատի հետ»,- ընդգծեց սիրելի պրոֆեսորի երբեմնի ուսանողը:

 

Սոնան, անդրադառնալով Էդ․ Սեկոյանի բնավորության հետաքրքիր գծերից մեկին, պատմեց․ «Երբ տեղեկանում էր, որ կան ուսանողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանալու մինչև դասի ավարտը ներկա լինել, փորձում էր սեղմ ժամանակահատվածում փոխանցել այն, ինչ նախատեսել էր տվյալ թեմայի շրջանակում»:

 

Պրոֆեսորի նախկին ուսանող, ֆարմացիայի ինստիտուտի ասպիրանտ Էմմա Մարկոսյանը նույնպես գիտնականի մասին խոսելիս հատուկ շեշտադրեց նրա՝ միանգամից աչքի զարնող արտաքինը:

 

«Չնայած պատկառելի տարիքին՝ մշտապես կոկիկ ու ժամանակակից պրոֆեսորն ուներ գիտելիքի մատուցման յուրօրինակ ձև. ողջ լսարանը համակ ուշադրությամբ էր նրան լսում: Էդ. Սեկոյանի ներկայությամբ լսարանը նոր շունչ էր ստանում»,- ասաց Էմման:

 

Մեծանուն գիտնականի մասին խոսելիս ԵՊՀ դեղագործական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանը շարունակեց բնութագրել պրոֆեսորին՝ որպես մարդկային բարձր որակներ ունեցող անհատի: Լուսինեն, որի թեկնածուական ատենախոսության խորհրդատուն եղել է Էդ. Սեկոյանը, որպես բնութագրող հատկանիշ առանձնացրեց պրոֆեսորի համեստությունը:

 

Լուսինեն նշեց. «Նա ձգտում էր փոխանցել այն գիտելիքները, որոնք տարիների ընթացքում ձեռք էր բերել, բայց միևնույն ժամանակ հպարտանում և ուրախանում էր այն հաջողություններով, որոնք գրանցում էին իր ուսանողները: Ատենախոսությունը գրելիս ինձ տալիս էր այնպիսի խորհուրդներ, որոնք նպաստեցին իմ հետազոստությունը լավագույնս ներկայացնելուն: Կարելի է ասել՝ մեր փոքր ձեռքբերումներով նա ավելի էր հպարտանում, քան իր սեփական հաջողություններով…»:

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: