23.03.2011 | 
Կրթություն
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔ. ՃԳՆԱԺԱ՞Մ, ԹԵ՞ ԱԿՄԵ
ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔ. ՃԳՆԱԺԱ՞Մ, ԹԵ՞ ԱԿՄԵ
Այս հարցի վերաբերյալ իրենց տարակարծություններն էին հայտնում համալսարանի հոգեբանները:

ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին եւ 2-րդ կուրսերի ուսանողներն իբրեւ բանավեճ-քննարկման թեմա ընտրել էին միջին տարիքում առաջացող խնդիրները` դիտարկելով դրանց երկու կողմն էլ: «Թեման շատ ակտուալ է, քանի որ միջին տարիքի խնդիրը մեր օրերում առավել վառ է արտահայտված: Հիմա է, որ սկսել են մարդկանց աշխատանքի ընդունել միայն երիտասարդ տարիքում: Տեխնիկայի, գիտության եւ քաղաքակրթության առաջընթացը բերում է նրան, որ 45 տարեկան մարդը, ով ժամանակին ուներ լավ գիտելիքներ եւ մասնագիտական հմտություններ, չտիրապետելով տեխնիկայի նորույթներին, փաստորեն մրցակցային վատ վիճակում է հայտնվում երիտասարդների համեմատությամբ»,- պարզաբանում է նախաձեռնողներից մեկը` հոգեբանության դասախոս Լիլիթ Գարգրցյանը: Ինչքան էլ մարդը լավ մասնագետ լինի, եթե չի տիրապետում համակարգչային վերջին ծրագրերին, ստացվում է, որ աշխատաշուկայում մրցակցությունից դուրս է մնում, ինչն էլ խորացնում է միջին տարիքի ճգնաժամը: Սա մասնագետների մի մասի մոտեցումն է: Հարցի մյուս կողմը ներկայացնող հոգեբանները կարծում են, որ այդ տարիքում է սկսվում ակմեն` ստեղծագործական վերելքը: «Ճգնաժամային տեսակետը» պահող ուսանողները կատարել են հետազոտություն հասունության տարբեր տարիքի անձանց շրջանում: Նրանց հավաստմամբ`հենց լրացրած թեստերում երեւում է, որ այդ տարիքի մարդիկ տարբեր հիվանդություններ ունեն, սոցիալական դերերի փոփոխություն է եղել` անցում աշխատողից դեպի թոշակառուն. այդ ամենն էլ բերում է ճգնաժամի: Մյուս խմբի ղեկավարն էր դասախոս Իրինա Խանամիրյանը: «Մեր խմբի խնդիրն էր կոտրել այդ կարծրատիպը եւ վեր հանել այդ տարիքի դրական կողմերը: Պետք է մարդիկ ավելի լավ տրամադրվեն այդ տարիքին սպասելիս: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ 10-15 տարի առաջ մարդիկ ավելի վատ հոգեվիճակ ունեին, քան այսօր, իսկ 10-15 տարի հետոն ավելի լավ են պատկերացնում»,- հակառակ տեսակետն է ներկայացնում մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Վարդանյանը: Կազմակերպիչների խնդիրը, ուսանողների մեջ բանավիճային կուլտուրա եւ իրենց կարծիքը հիմնավորելու հմտություններ ձեւավորելուց բացի, նաեւ այն կարծրացած տեսակետը հերքելն է, ըստ որի` զարգացման հոգեբանությունը մանկան հոգեբանություն է եւ ավարտվում է դեռահասության տարիքով: Դա ամբողջ կյանքի համար է` ստեղծման պահից մինչեւ մահ: Վերջում կողմերը հասան «փոխզիջման»: Նրանց կարծիքով` մարդուց է կախված, թե այդ տարիքում ինքը կհայտնվի ճգնաժամի մեջ, թե նրա կյանքում կտիրի ակմեն:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։