01.12.2006 | 
Հասարակություն
ՍԵՎ ՇԵՆՔԸ` 100 ՏԱՐԵԿԱՆ
ՍԵՎ ՇԵՆՔԸ` 100 ՏԱՐԵԿԱՆ
Նոյեմբերի 29-ին ԵՊՀ պատմության, տնտեսագիտության եւ Աստվածաբանության ֆակուլտետները, որոնք այժմ տեղակայված են «Սեւ շենքում», նշեցին իրենց մասնաշենքի 100-ամյա տարեդարձը:

Նախաձեռնությունը ուսանողներինն էր, բայց ողջ համալսարանը փորձել էր իր լուման ունենալ այս գործում:

ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանը պատմության ֆակուլտետի շրջանավարտ է. «Ինձ համար` որպես նախկին ուսանողի եւ որոշակի դեպքերի ականատեսի, կրկնակի ուրախալի եւ հուզումնալից պահ է: 1993-94 թթ. ՀՀ Ներքին գործերի այն ժամանակվա նախարարությունը լուրջ մտադրություն ուներ այս շենքը ձեռք բերելու որպես ոստիկանական ակադեմիայի շենք: Սակայն ի պատիվ համալսարանի այն ժամանակվա ղեկավարության` պիտի ասեմ, որ ճիշտ եւ նպատակային աշխատանք կատարվեց: Բոլորը հասկացան, որ այս շենքն իսկապես մշակութային արժեք է եւ պիտի ծառայի որպես կրթական կենտրոն»,- ասաց պարոն Քարամյանը:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Մագդա Մարկոսյանը հպարտ է ու հուզված, որ սովորել եւ սովորում է հենց այս շենքում: «Երբեմն-երբեմն դասերից դուրս գալիս եմ այս շենքի մոտ ուղղակի հանգստանալու»: Նա նշեց նաեւ, որ սա այն եզակի առիթն է, որը միավորել է «Սեւ շենքում» տեղակայված երեք ֆակուլտետներին: «Նշում ենք մի տոն, որ բոլորինս է, ու մեզ համար սա միասնական ուրախություն է»,- ասաց Մագդա Մարկոսյանը:

Աստաֆյան փողոցում գտնվող սեւ շենքը սկզբում ուսուցչական սեմինարիա էր: 1923 թ-ին Երեւանի պետական համալսարանին հատկացվեց շենքի առաջին հարկը: Շուրջ 100 տարի «Սեւ շենքը» ծառայում է որպես գիտակրթական կենտրոն: Խորհրդային տարիներին` վերակառուցման շրջանում, Աբովյան 52 հացեում գտնվող շենքը պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ է ստանում: Շենքն ունի խստաշունչ ճարտարապետական հորինվածք եւ զարդաքանդակներ:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԵՎ ՀՕՖ-Ը ՀԱՄԱՏԵՂ ՆՊԱՍՏԵԼՈՒ ԵՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Հայ օգնության ֆոնդ» միավորման Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ համատեղելու իրենց ռեսուրսներն ու ջանքերը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի «Ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանություն» մասնագիտացմամբ ուսանողների ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացումը խթանելու նպատակով։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ «ԼԱՒԱԳՈՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԷՏ» ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Լավագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողության ժամանակ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակակիրներն արժանացել են պարգևների, մնացած մասնակիցները՝ շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների: