16.11.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌՈՒՍ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ»
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՌՈՒՍ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ»
ԵՊՀ ռեկտորն իր աշխատասենյակում հյուրընկալեց Սանկտ Պետերբուրգի համալսարանի արեւելյան ֆակուլտետի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորներ Գեղամ Գեւորգյանը եւ Ալեքսանդր Գրիգորյանը, Արեւելագիտության եւ Ռուս բանասիրության ֆակուլտետների դեկաններն ու մի քանի այլ համալսարանականներ ռուս գործընկերների հետ քննարկեցին բարձրագույն կրթության խնդիրները, համագործակցության հնարավորությունները արեւելագիտության, մասնավորապես` օսմանագիտության եւ հայագիտության ոլորտներում:

 

Ողջունելով եւ բարի գալուստ մաղթելով հյուրերին` ռեկտոր Արամ Սիմոնյանն ասաց. «Սանկտ Պետերբուրգի համալսարանը եղել եւ մնում է մեր համալսարանի կարեւորագույն գործընկերներից մեկը: Մենք կուզենայինք շարունակել եւ ավելի սերտացնել մեր համագործակցությունը, հատկապես`Ձեր ֆակուլտետի հետ»:

 

Արամ Սիմոնյանը երեկ է վերադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, որտեղ ՀՀ կրթության եւ գիտության նախարարից տեղեկացել է այն մասին, որ վերջինս արեւելագիտության ոլորտում համագործակցության համաձայնության է եկել Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարարի հետ, համաձայն որի` ԵՊՀ-ին կհատկացվի 5-6 տեղ Պետերբուրգի եւ Մոսկվայի համալսարաններում` օսմանագետների պատրաստման համար:

 

Օսմանագետների խնդիրը, ըստ ԵՊՀ ռեկտորի, կապված է հենց որակյալ կադրերի պակասի հետ. եղածներն արդեն շատ ծեր են, իսկ երիտասարդները չունեն այն կապերը, որոնք ունեին ավագները: Ռեկտորի կարծիքով` երիտասարդ մասնագետները ավելի շատ համագործակցում են արեւմտյան համալսարանների հետ, քանի որ դրանք ավելի մոդայիկ են ու ակտիվ: Եվգենի Զելենեւն էլ իր հերթին հույս հայտնեց, որ ԵՊՀ-ն կօգնի իրենց` հայագիտության գծով մասնագետներ ունենալու Երեւանից: «Կարծում եմ` կհամաձայնեք, որ հայագիտությունը գոյություն ունի այն դեպքում, երբ դրա մասին խոսում են Հայաստանի սահմաններից դուրս, երբ դրանով զբաղվում են ոչ հայերը, հակառակ դեպքում` դա ավանդույթների, պատմության շարադրում է»,- ասում է Եվգենի Զելենեւը: Պետերբուրգի համալսարանի ռեկտորի եւ նախագահի ողջույնները փոխանցելով ներկա համալսարանականներին` Արեւելյան ֆակուլտետի դեկան Եվգենի Զելենեւն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Երեւանի պետական համալսարանում:

 

«Սանկտ Պետերբուրգի Արեւելագիտության ինստիտուտի օսմանագիտության բաժինը մշտապես երախտապարտ կլինի Յուրի Պետրոսյանին, ով երկար տարիներ ղեկավարել է ինստիտուտը, որն այսօր կոչվում է Արեւելյան ձեռագրերի ինստիտուտ»,- նշեց դեկանը: Դեկանի փոխանցմամբ, Արեւելյան ֆակուլտետում ուսուցանվում են 96 լեզուներ, ինչն արդեն իսկ ռեկորդային թիվ է ողջ աշխարհում: Արեւելյան ֆակուլտետը, ինչպես համալսարանի բոլոր մյուս ֆակուլտետները, առանձին մարմիններ են համարվում` իրենց առանձին բյուջեով եւ կառուցվածքով: Արդեն 10 տարի է` ֆակուլտետում գործում է երկաստիճան համակարգը` բակալավրիատի եւ մագիստրատուրայի առանձին ծրագրերով: Եթե բակալավրիատում ուսանողների ուսուցումը կենտրոնացած է լեզուների խորացված ուսուցման վրա` 2 եվրոպական եւ 2 արեւելյան, ապա մագիստրոսական ծրագրերով ավելի շատ նեղ մասնագետներ են պատրաստվում` պատմության, գրականության, լեզուների, քաղաքագիտության, իրավագիտության, տնտեսագիտության ուղղություններով:

 

Փոխհամագործակցության, ուսանողների, ասպիրանտների, դասախոսների փոխանակման հնարավորությունների մասին երկու համալսարանների ներկայացուցիչները քննարկումները շարունակեցին արդեն կոնկրետ մասնագիտությունների ու ծրագրերի մակարդակով` պրոռեկտորների աշխատասենյակում: Կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունները, Արամ Սիմոնյանի կարծիքով, կարող են նոր պայմանագրերի հիմք դառնալ, որոնք նրանք կքննարկեն քիչ ուշ:

 

Վերջում հյուրերը ռեկտորին փոխանցեցին իրենց նվերները` փողկապ, գրքեր, հուշամեդալ եւ պետերբուրգյան գրանիտից պատրաստված թալիսման` ճապոնական առյուծի պատկերով: Նույն թալիսմանին արժանացավ նաեւ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը` ռուսագիտության մեջ ունեցած իր մեծ ավանդի համար: ԵՊՀ ռեկտորն էլ իր հերթին հյուրերին հանձնեց Հայաստանի պատմական հուշարձանների, բնաշխարհի մասին հանդես:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ  ԿՐԹՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանի անկախացումից հետո հանրապետության կրթական ողջ համակարգի բարեփոխումը ժամանակի հրամայականն էր և առաջնահերթ նշանակություն պետք է ունենար երկրի հետագա զարգացման համար: Այս համատեքստում անհրաժեշտ էր ԵՊՀ-ի ընդհանուր գործունեությունն աստիճանաբար արմատապես վերափոխել, որն էլ սկիզբ առավ ՀՀ նախագահի 1992 թ. հրամանագրով: Համալսարանին շնորհվեց կրթական, գիտական և մշակութային ինքնավար հաստատության կարգավիճակ:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: