30.01.2009 | 
Քաղաքականություն, Կրթություն
ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ
ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ
1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի առեւտրական դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

1918 թվականին Հայաստանի անկախացումից անմիջապես հետո մի շարք հայ առաջավոր մտավորականների սկսեց մտահոգել համալսարան ունենալու խնդիրը: Սակայն կային շատ չլուծված հարցեր, ինչպիսիք էին ուսումնական շենքի եւ ուսանողական հանրակացարանի բացակայությունը, դասախոսներ հավաքագրելն ու նրանց բնակարաններով ապահովելը, անհրաժեշտ դասագրքերի ու ձեռնարկների ստեղծումը եւ այլն:

 

1918-ի վերջերին եւ 1919-ի սկզբներին հարցը սկսեց քննարկվել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի կողմից: Ցանկություն կար Երեւան տեղափոխել Թիֆլիսում գործող Անդրկովկասյան մասնավոր համալսարանը, որի 1715 ուսանողներից մոտ 700-ը, իսկ 76 դասախոսներից 25-ը հայ էին: Սակայն երկրում ստեղծած ծանր պայմանների պատճառով այդ մտադրությունն իրականացնել չի հաջողվում: Այնուհետեւ Հանրային կրթության նախարարությունը Նախարարների խորհրդի քննարկմանն է ներկայացնում Հայաստանում համալսարան հիմնադրելու առաջարկը:

 

1919 թվականի մայիսի 16-ին Նախարարների խորհուրդը որոշեց Երեւանում համալսարան հիմնել: Նորաստեղծ համալսարանն արդեն ուներ 5 միլիոն ռուբլիանոց բյուջե, 4 բաժիններ` պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական եւ ֆիզիկո- մաթեմատիկական, սակայն չուներ թերեւս ամենաանհրաժեշտը` ուսումնական մասնաշենքը: Սկսվում է համալսարանը տեղակայելու համար տարածքի փնտրտուքը: Երեւանում համապատասխան շինություն չգտնելու պատճառով ընտրությունը կանգ է առնում Ալեքսանդրապոլի առեւտրական դպրոցի վրա:

 

Քաղաքային ինքնավարությունը համալսարանին է հատկացնում 4 մեծ սենյակ` ամբողջ օրվա համար, իսկ հետճաշյա ժամերին թույլ է տալիս օգտվել նաեւ մյուս 12 սենյակներից: Այսպիսով, 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում տեղի ունեցավ Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին կառավարության անդամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւ այլք: Ռեկտորի պաշտոնը վստահվեց պրոֆեսոր Յուրի Ղամբարյանին: Դասերն սկսվեցին փետրվարի 1-ին:

Այլ նորություններ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՄԵԴԻԱԴԱՇՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՄԵԴԻԱ ԻՐԱՎՈՒՆՔ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել է «Մեդիա իրավունք» կրթական ծրագիրը, որը նպաստելու է մասնակիցների իրավական գրագիտության բարձրացմանը:
ԵՊՀ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՌԱՀ-Ի ՀԵՏ
ԵՊՀ-ի և ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի միջև այսօր կնքվել է համագործակցության պայմանագիր՝ նպատակ ունենալով հաստատելու երկկողմ գործունեություն կրթության, գիտական և ուսումնամանկավարժական ոլորտներում: