Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Նադր ալ Դին Հասսունին ողջունեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Սեպտեմբերի 5-ին Մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման եկած հոգեւոր առաջնորդն ուրախ էր, որ Հայաստանի բնակչության մեծ մասը երիտասարդ է: «Նայում եմ ձեզ ու հիշում, որ ես էլ նույն տարիքին եմ եղել, նստել նույնպիսի գրասեղանների առջեւ: Հավատացեք` դա կյանքի ամենաուրախ շրջանն է»: Հյուրը ներողություն խնդրեց, որ ինքն ուսանողների սպասածից ավելի երիտասարդ է: Միաժամանակ նշեց, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահն ամենաերիտասարդն է աշխարհում:
Առաջին անգամ լինելով Հայաստանում` Շեյխ Հասսունը բավական լավ գիտեր մեր երկիրը. «Հայաստանը մեծ հարստություններ չունեցող երկիր է, բայց հզոր է ու հարուստ իր ժողովրդով,- ասաց նա: -Արեւելքում բնակվող 3-4 միլիոն հայերն ապացուցում են, որ իրենք կառուցող ժողովուրդ են:Ու հիմա Սիրիայում բնակվող հայերը արաբ ժողովրդի հետ կառուցում են իրենց ապագան»:
Ըստ հյուրի` հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը օրինակ է ողջ աշխարհի համար` ցույց տալու, որ տարբեր կրոնական ուղղությունների դավանող երկրների միջեւ կարող է դարավոր խաղաղություն լինել: «Եթե որեւէ ազգից որեւէ մեկը երբեւէ ասի, որ սպանում է հանուն կրոնի, երբեք չհավատաք այդ ստախոսին: Ես կարդացել եմ աշխարհի բոլոր կրոնական ուսմունքները. որեւէ տեղ բռնությունը, մարդասպանությունը չի քարոզվում»,- համոզված է մուֆթին: Ըստ նրա` Աստված սեր է, եւ եթե նա ստեղծել է որեւէ արարածի, ապա վերջինս հաստատ գոյություն ունենալու իրավունք ունի: «Պատերազմը, բռնության քարոզումը չկայացած դիվանագետների եւ կրոնական գործիչների տարերքն են: Ջեհադը սերն է, հոգատարությունը, կյանքը, լույսը եւ ոչ երբեք` մարդասպանությունը»,- ասում է նա:
Առհասարակ, Սիրիայի մուֆթին ողջ աշխարհին հայտնի է իր խաղաղասիրական բնույթի բաց, համարձակ ելույթներով: Նա չի վարանում իր տեսակետը հայտնել նաեւ հայոց ցեղասպանության եւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, Հալեպում Թուրքիայի հյուպատոսի հետ զրույցի ընթացքում Շեյխ Հասսունն ասել է. «Դուք չեք արել ցեղասպանությունը, ձեր նախնիներն են արել: Ասեք` եղել է այդպիսի բան, ներողություն խնդրեք, եթե հարկ լինի` թեկուզ 500 մլն դոլար փոխհատուցում տվեք: Դրանից բոլորը կշահեն»:
Շեյխ Ահմադ Հասսունը ծնվել է 1949թ.-ին Հալեպում: Եղել է քարոզիչ եւ հովվապետ մի շարք մզկիթներում, երկու անգամ ընտրվել է Սիրիայի խորհրդարանի անդամ: Մինչեւ 2005 թ.-ը եղել է Հալեպի նահանգի մուֆթին, որից հետո նախագահի հրամանագրով դարձել է Սիրիայի մուֆթի: Նա հիմնել է բարեսիրական միություններ, դպրոցներ, արհեստանոցներ, հիվանդանոցներ, ծերանոց: «Ամենամեծ աղոթքը կարիքավորին ձեռք մեկնելը, հիվանդին բուժելն է,-ասում է Շեյխ Հասսունը:- Իսկ մենք աղոթում ենք, որովհետեւ դեպի Աստված մեր մեծ սերն այդպես է ձեւակերպում ստանում»: