11.02.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Գիտություն
ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՑԱՆ ԵՊՀ-ՈւՄ
ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՑԱՆ ԵՊՀ-ՈւՄ
Այսօր ԵՊՀ-ականների համար դասախոսություն էր կարդում ռուս անվանի գիտնական Սերգեյ Կապիցան:

Մենդելեեւի անվան կրթաթոշակի հանձնման արարողությանը մասնակցելու նպատակով Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի հրավերով Հայաստանում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Կապիցան: Առաջին անգամ 61 տարի առաջ Հայաստան եկած գիտնականն այսօր հանդիպեց ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Չնայած միջոցառման մասնակիցների ստվար քանակին` դահլիճում լռություն էր:

 

Պատճառը ոչ միայն հյուրի` առանց բարձրախոսի խոսելու հանգամանքն էր, այլեւ նրա անձն ու ներկայացրած դասախոսության թեման: Չորս գրքերի, տասնյակ գիտական հոդվածների, տասնչորս գյուտերի եւ մեկ հայտնագործության հեղինակ, մի շարք ակադեմիաների անդամ, Պետական մրցանակի դափնեկիր, Կալինգի անվան մրցանակի դափնեկիր, գիտության հանրայնացման համար Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մրցանակ ստացած պրոֆեսորի այսօրվա դասախոսության թեման բնակչության գլոբալ աճն էր ու դրա միտումները:

 

Գիտնականը գիտության միանգամից մի քանի ուղղությունների տեսանկյունից էր դիտարկել մարդկության պատմության ընթացքում աշխարհի բնակչության թվաքանակի փոփոխության սկզբունքները: Ս. Կապիցան նշեց, որ իր հնչեցրած թեման այսօր շատ ավելի կարեւոր է քան կարող է թվալ: «Այսօր, օրինակ, խիստ կարեւորվում են կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրները, կանխատեսումներ են արվում, թե ինչ կլիմայական պայմաններ կլինեն Երկիր մոլորակի վրա 100 տարի անց, այն դեպքում, երբ դեմոգրաֆիական այժմեական միտումներով ընդամենը 50 տարի անց աշխարհի բնակչությունը կիսով չափ կկրճատվի »,- դասախոսության ընթացքում նշեց պրոֆեսորը:

 

Հանդիպման վերջում ներկաները մեծ գիտնականին հարցեր ուղղելու հնարավորություն ստացան: Ակտիվ էին հատկապես դասախոսները: Շուրջ երկու ժամ տեւած դասախոսությունից հետո հարց-պատասխանը թերեւս երկար ձգվեր, եթե ԵՊՀ ռեկտորը ստիպված չլիներ ընդհատել: Արամ Սիմոնյանը հրաժեշտից առաջ մեծարգո հյուրի բազմաթիվ պարգեւներին ավելացրեց եւս մեկը. «Գիտության եւ կրթության բնագավառում անգնահատելի ներդրման, գիտական նվաճումների հանրայնացման գործում բազմակողմանի եւ արդյունավետ գործունեության, ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար» Սերգեյ Կապիցան պարգեւատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով:

 

Մեծանուն գիտնականը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ ԵՊՀ ոսկե մեդալ եւ ի պատասխան ԵՊՀ ռեկտորի հրավերին` խոստացավ հնարավորինս հաճախ այցելել Մայր բուհ: Սերգեյ Կապիցայի հետ հանդիպումը ոգեւորել էր ոչ միայն դասախոսներին: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արմեն Ներսեսյանը նշեց, որ նման գիտնականի այցը համալսարան շատ կարեւոր է, կարեւոր է հատկապես այն ուսանողների համար, ովքեր նպատակ ունեն ապագայում գիտական գործունեություն ծավալելու: Արմենն այնքան էր տպավորված, որ Ֆիզիկայի ֆակուլտետի բոլոր ուսանողների անունից պարոն Կապիցային շնորհակալություն հայտնեց ԵՊՀ այցելելու համար:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ զրուցել ենք ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ: