Երեկ հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ առաջին կուրսեցիներ այցելեցին Բյուրեղավանի N1 հատուկ դպրոց: Դա գիշերօթիկ դպրոց է, որտեղ սովորում են ֆիզիկական եւ մտավոր թույլ կարողություններ ունեցող, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքների 60 երեխաներ:
Այս դպրոց են ընդունվում 6 տարեկան հասակից եւ ավարտում են 18-ում: Բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսեցիները որոշեցին բաժանվել երկու խմբի եւ գործի անցան: Առաջին հոսքի ուսանողները մի քանի օր առաջ արդեն այցելել են մի մանկատուն: Երկրորդ հոսքից Բյուրեղավան մեկնեցին 25 հոգի:
Ուսանողները դպրոցին օգնելու համար որոշ գումար էին հավաքել, որը կազմում էր հիսուն հազար դրամ: Ի սկզբանե որոշված էր, որ ավելի նպատակահարմար կլինի գումարը տնօրինությանը հանձնել, քանի որ առջեւում Ամանոր է, իսկ դպրոցը բավարար չափով գումար չունի երեխաներին նվերներ գնելու համար: Սակայն այս տարվա առաջին ձյունը ստիպեց փոխել պլանները: Գումարի փոխարեն բանասերները նրանց համար գնեցին 10 զույգ ճտքավոր կոշիկ:
Երեխաներից մեկն էլ ոգեւորված ասաց, որ հյուրերն իրենց հետ ձյուն բերեցին, «սապոգներն» էլ չմոռացան: Ոչ միայն «սապոգներ», այլեւ հագուստ, խաղալիքներ ու գրքեր էլ էին նվեր տարել. «Նվերներն ու գումարները հավաքելիս ոչ մի դժգոհություն չի եղել ուսանողների կողմից, որովհետեւ բոլորն էլ գիտակցում էին, որ դա անում են բարի գործի համար»,- ասում է առաջին կուրսեցի Նարինեն: Այցելության համար սկզբում այս դպրոցն ընտրեցին, որովհետեւ դրա կարիքը շատ էր զգացվում. «Կան մանկատներ, որոնք հովանավորվում են արտասահմանից կամ գտնվում են որեւէ բարերարի հոգածության ներքո եւ այլն: Իսկ այս դպրոցը նման աղբյուրներից չի սնվում»,- ասում է կազմակերպիչներից մեկը` Անժելա Միքայելյանը:
Երեխաներին ուրախացնելու համար ուսանողները պատրաստել էին փոքրիկ ծրագիր, որում ներառված էին մանկական երգեր, պարեր, բանաստեղծություններ: Նվերներն ու քաղցրավենիքը բաժանելուց եւ երեխաների հետ երգել, պարելուց հետո նրանց հրաժեշտ տվեցին: «Մեր նպատակը մեկն է` ուրախացնել երեխաներին, որ նրանց գոնե մեկ օրն ուրախ անցնի: Նրանք պետք է իմանան, որ կան մարդիկ, որոնք մտածում ու հոգ են տանում են իրենց մասին»,- ասում է Տաթեւիկ Դումանյանը: Նվերները տեղափոխելու համար փոխադրամիջոցը տրամադրել է համալսարանի ղեկավարությունը: Իսկ վերջում հատուկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանը, իր գոհունակությունը հայտնելով, ասաց, որ անպայման շնորհակալագիր կուղարկի ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ղեկավարությանը: