19.02.2009 | 
Ուսանողական, Մշակույթ
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՆ Է
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՆ Է
Հովհաննես Թումանյանի` մեծ գրքասերի եւ բանաստեղծի ծննդյան օրը բոլորն իրար գրքեր էին նվիրում:

Ակցիային անմասն չէր մնացել նաեւ Երեւանի պետական համալսարանը: Շեքսպիրի «Արքա Լիր», Լեւոն Զավեն Սյուրմելյանի «98.6», Նենսի Գրիգորյանի «Զաբել» գրքերը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի գրական ստուդիայի սաների «Արմատ եւ լույս» ժողովածուն, ԵՊՀ ուսանող Ռուզան Ոսկանյանի «Թափանցիկ անձրեւներ» բանաստեղծությունների ժողովածուն` որպես նվիրատվություն, տրվեցին ուսանողներին եւ դասախոսներին:

 

Բաժանվող գրքերն ուսանողները նվիրում էին միմյանց եւ անպայման մակագրում` «Սիրով` լավագույն ընկերոջս»: Եվ այս ամենը համեմված էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի ասմունքող սաների ելույթով. Թումանյանի քառյակները հնչում էին օրվա խորհրդին ներդաշնակ: Հայաստանի գրողների միության այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Լիանա Սայադյանը հրաշալի գաղափար է համարում. «Դեռ մանկուց ինձ համար ամենալավ նվերը գիրքն է:

 

Թերեւս այդպես եմ դաստիարակվել. հատկապես ծննդյանս օրվա առթիվ ծնողներս լավագույն մատենաշարերը, հատորյակները բաժանորդագրությամբ ձեռք էին բերում եւ ինձ նվիրում»: Անձամբ ինքը` Լիանա Սայադյանը, միայն գրքեր է նվիրում հատկապես այն մարդկանց, ովքեր իսկապես գիտեն դրա արժեքը: Իր շրջապատում մեծացող փոքրիկները հետագայում ընթերցասեր մարդիկ են դառնալու, քանի որ ամեն անգամ նրանից հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, ճանաչողական նշանակության ժողովածուներ են նվեր ստանում: Գրքի նվիրատվության գաղափարը Հայաստանի գրողների միությունը հղացել է` ընթերցողին այսօրվա հեղինակների հետ ծանոթացնելու, նրանց գրքերը հանրության սեփականությունը դարձնելու համար:

 

«Ժամանակակից հայ գրողներին չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվում, քանի որ ակնառու դեմքեր չկան: Ասեմ, որ ժամանակին հետեւել եմ արդի գրական դաշտին, բայց ոչ ոք չի առանձնացել»,- ասաց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսեցի Լիլիթ Մարգարյանը: Իսկ դասախոս Լիանա Սայադյանը կարծում է, որ գրքի գովազդով, դրա տարածմամբ զբաղվող կառույցները թերանում են իրենց գործում, մամուլն էլ նորագույն հրատարակություններին ստեպ-ստեպ է անդրադառնում. «Այն գրքերը, որոնց մասին թերթերում իսկապես լավ գրախոսությունների եմ հանդիպում, աշխատում եմ ձեռք բերել եւ կարդալ:

 

Վերջին գեղարվեստական գիրքը, որ կարդացել եմ, Աղասի Այվազյանի երկերի ժողովածուն է»: Ըստ դասախոսի` անգամ ժուռնալիստների շրջանում գրականությամբ քչերն են հետաքրքրված: Բայց կան ուսանողներ, ովքեր, բարեբախտաբար,գրականության նկատմամբ մեծ սեր են տածում, եւ այդ ուսանողներին դասախոսը խրախուսում է:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: