12.02.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը կմեկնի Վաշինգտոն:

Միջազգային իրավունքի ասպարեզում աշխարհի ամենահեղինակավոր` Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի հայաստանյան մրցափուլերում ԵՊՀ ուսանողների թիմը դարձել է չեմպիոն:

 

Փետրվարի 7-8-ը Երեւանում անցկացվող դատախաղ-մրցույթին այս տարի մասնակցում էին Հայաստանի 5 բուհեր` Երեւանի պետական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիաները, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտները: 1-ից 4-րդ մրցափուլերում թիմերից յուրաքանչյուրը պետք է հանդես գար նախապես իրենց տրված մտացածին «գործի» պաշտպանի կամ հայցվորի դերում:

 

Երկու մրցափուլում ԵՊՀ թիմը պաշտպանեց հայցվորի դիրքերը, երկուսում` պաշտպանի: Փետրվարի 8-ին կայացած կիսաեզրափակչում ԵՊՀ թիմի մրցակիցն էր Կառավարման ակադեմիայի թիմը, իսկ եզրափակչում` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայինը: Եզրափակիչն անց էր կացվում Վճռաբեկ դատարանում:

 

Ժյուրիի կազմում էին դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Նելլի Հարությունյանը, փաստաբան Նազելի Վարդանյանը եւ «ELSA-Հայաստան» ՀԿ հիմնադիր Իրինա Խառատյանը: ԵՊՀ թիմը շահեց մրցույթի բոլոր մրցանակները` «Լավագույն գրավոր աշխատանք», «Լավագույն բանախոս» (այս մրցանակը երկրորդ տարին անընդմեջ տրվում է ԵՊՀ թիմի ավագ Լեւոն Գեւորգյանին) եւ 1-ին մրցանակ:

 

Մայր բուհի թիմի կազմում 5 ուսանողներ են` Լեւոն Գեւորգյան, Արմենուհի Գառգալոյան, Տարոն Սիմոնյան, Օֆելյա Հարությունյան, Տաթեւիկ Մանուկյան, իսկ թիմի մարզիչը ի.գ. թ. Եղիշե Կիրակոսյանն է: «2009 թվականի հաղթանակը թիմի միակ բարձրագույն արդյունքը չէ. անցյալ տարի եւս ԵՊՀ թիմը դարձել էր Հայաստանի չեմպիոն եւ մեկնել Վաշինգտոն: Թեեւ միջազգային ասպարեզում մեր թիմի գրանցած արդյունքներն այդքան էլ բարձր չէին, այնուամենայնիվ, 150 լավագույն թիմերի հետ մրցելն արդեն իսկ լուրջ փորձ է, մանավանդ որ մի քանի մրցափուլերում մեր թիմը հաղթանակներ եւս ունեցել է»,- ասաց թիմի անդամ Տարոն Սիմոնյանը:

 

Ֆինանսական միջոցներ հայթայթելու դեպքում ԵՊՀ թիմը կմասնակցի մարտի 21-28-ը Վաշինգտոնում կայանալիք Ֆ. Ջեսափի անվան դատախաղ-մրցույթի միջազգային մրցափուլերին: Ի դեպ, անցյալ տարի մասնակցության նյութական ծախսերը հոգացել էին ԵՊՀ-ն, «X գրուպ» ընկերությունը, Ամերիկայում հայ իրավաբանների ընկերակցությունը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: