10.05.2011 | 
Հասարակություն
ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր Երեւանի պետական համալսարան էր այցելել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին ընդառաջ` ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵՊՀ ուսանողների հետ պարբերաբար հանդիպում են ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ցոլակ Ակոպյանի վստահեցմամբ` հանդիպումների շարքը կեզրափակվի սեպտեմբեր ամսին, երբ ԵՊՀ կայցելի ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպումների շարքը սկսվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցով: Վերջինս նշեց, որ սիրով եւ հպարտությամբ է եկել հանդիպման ու մշտապես սիրով է այցելում Երեւանի պետական համալսարան, քանի որ ինքը եւս համալսարանական է, եւ ուսանողներին առաջարկեց անմիջապես անցնել հարց ու պատասխան ձեւաչափին: Հնչեցին բազմազան ու բազմաբնույթ հարցեր: Շատերին էլ պարզապես ժամանակի սղության պատճառով հնարավորություն չտրվեց հարցեր տալու, եւ Ցոլակ Ակոպյանն առաջարկեց այդ բոլոր անպատասխան հարցերը գրավոր ներկայացնել ԵՊՀ ուսանողական խորհրդին:

 

Մի խումբ ուսանողներ իրենց հարցադրման միջոցով նաեւ վրդովմունք արտահայտեցին այն մասին, թե ինչու Մայիսի 9-ի կապակցությամբ հայկական հեռուստաեթերներում հաղթանակին անդրադարձող գեղարվեստական կամ փաստավավերագրական ոչ մի ֆիլմ չցուցադրվեց: «Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդներն այդ ամենը նկատում են, այսինքն` այդ խնդիրն այսօր իսկապես գոյություն ունի: Վստահաբար կարող եմ ասել, որ ֆիլմեր ստեղծվում են, մասնավորապես փաստավավերագրական, բայց դրանք այսօր հասու չեն հանրությանը:

 

Եվ իսկապես լուրջ խնդիր է հեռուստաեթերների նախապատրաստական աշխատանքը, հեռուստատեսությանը այդ բոլոր քարոզչություններին համապատասխան պահելը, ինչի մասին վերջերս զրուցեցինք նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ,- նշեց Հասմիկ Պողոսյանը:- Առաջիկայում լուրջ փոփոխություններ կլինեն, մասնավորապես հեռուստաընկերությունների վարած քաղաքականության մեջ»: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բացառապես հայկական հեռուստաընկերությունների վարած քաղաքականության, մասնավորապես ցուցադրվող հեռուստասերիալներին անդրադարձող հիմնախնդիրները:

 

Նախարարը վստահեցրեց, որ ազատ կյանքն այսօր հնարավորություն չի տալիս արգելելու հայկական սերիալների ցուցադրությունը, եւ բոլոր նրանց, ում դուր չի գալիս, առաջարկեց ուղղակի չդիտել: Հնչած հարցերից բացի` ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ինչից հետո Հասմիկ Պողոսյանն առաջարկեց կազմակերպել համալսարանական մշակույթի օր: Վերջում նախարարը նշեց, որ ուսանողները բոլոր իրենց հարցերն ու առաջարկները կարող են ներկայացնել նախարարություն, եւ դրանք անպայման ուշադրության կարժանանան:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՄՊՀ-Ի ՄԻՋԵՎ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔՎԵԼ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ստորագրել են եռակողմ համագործակցության հուշագիր՝ ապահովելու երկու կառույցների միջև տնտեսագիտության և կառավարման ոլորտներում անհրաժեշտ համագործակցությունն ու նպաստելու ուսանողների գիտելիքների, գործնական հմտությունների ու կարողությունների զարգացմանը: