23.12.2010 | 
Հասարակություն
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ. ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ. ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ
ՆԱՏՕ-ի մասին ԵՊՀ առաջին դասընթացն ամփոփվեց:

ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր ամփոփվեց «ՆԱՏՕ-ն եւ տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերը» կրթական ծրագրի առաջին դասընթացը: Ներգրավված ուսանողներին մասնակցության հավաստագրերը հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «Երիտասարդ հետազոտողների ազգային կենտրոն» ՀԿ-ի (ԵՀԱԿ) նախաձեռնած դասընթացն իրականացվել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի հանրային դիվանագիտության դեպարտամենտի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Ծրագրի շրջանակում որպես կամընտրական պարտադիր դասընթաց` նոր առարկան ուսումնասիրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների մի մասը:

 

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը հավաստագրերը հանձնելուց առաջ ուսանողների համար փոքրիկ դասախոսություն կարդաց: Դեսպանը կարեւորեց այն հանգամանքը, որ դասընթացն անցկացվում էր Լիսաբոնի գագաթնաժողովի եւ նոր ռազմավարական հայեցակարգի համաձայնեցման` ՆԱՏՕ-ի համար խիստ հետաքրքիր ժանակաշրջանում: «Ռազմավարական նոր հայեցակարգը մեկ անգամ եւս հաստատում է այն փաստը, որ մեր դռները բաց են այն երկրների համար, ովքեր ուզում են խորացնել համագործակցությունը եւ անգամ անդամակցել ՆԱՏՕ-ին: Այստեղ կարեւոր է, թե ինչ է հենց տվյալ պետությունն ակնկալում այդ համագործակցությունից եւ ինչ մտադրություններ ունի:

 

Ամեն երկիր ինքն է իր համար որոշում, թե որքան արագ եւ ինչ ձեւաչափով պետք է զարգացնի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ եւ ինչպես այլ պետությունները, Հայաստանն ինքը պետք է որոշի, թե ինչպես կարող է զուգակցել այս համագործակցությունը անվտանգության այլ համագործակցությունների հետ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները շատ լավ ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բացառող համագործացություն չէ»,- իր ելույթում նշեց Չարլզ Լոնսդեյլը: «ՆԱՏՕ-ն այսօր ՀՀ բազմավեկտոր արտաքին քաղաքականության վեկտորներից մեկի հիմքում է, եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող ուսանողը պետք է ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքի մասին պատշաճ գիտելիքներ ունենա:

 

ՆԱՏՕ-ին մասամբ անդրադառնում են նաեւ ֆակուլտետում դասավանդվող այլ առարկաների շրջանակում, սակայն այս դասընթացը նպատակ ունի կենտրոնանալ Հայաստանի արտաքին եւ անվտանգության քաղաքականության Եվրաատլանտյան բեւեռի վրա եւ փորձել ամենատարբեր տեսանկյուններից քննարկել Հարավային Կովկաս-Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, համագործակցության հնարավոր սցենարներն ու տարածաշրջանում ՆԱՏՕ-ի խաղարարար դերակատարությունը»,- նշեց դասընթացի դասախոս Ալեն Ղեւոնդյանը: Դասընթացի շրջանակում ուսանողներից յուրաքանչյուրը նախապես ընտրած թեմայով գիտահետազոտական աշխատանք էր կատարել: ԵՊՀ դասախոսի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ ԵՀԱԿ-ի ներկայացուցիչների համատեղ ստուգումների արդյունքում ընտրվել էին 3 լավագույն աշխատանքները: Լուսինե Մկրտչյանը (3-րդ տեղ), Կարեն Սիմոնյանը (2-րդ տեղ) եւ Արամ Թերզյանը (1-ին տեղ), մասնակցության հավաստագրերից բացի, նաեւ գրքերի տեսքով խորհրդանշական նվերներ ստացան:

 

Որպես ազատ ունկնդիր` ծրագրին մասնակցելու հնարավորություն են ունեցել նաեւ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները: Ալեն Ղեւոնդյանը տեղեկացրեց, որ դասընթացը շարունակական բնույթ է կրելու: Չարլզ Լոնսդեյլն արդեն իսկ հաստատել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:

Այլ նորություններ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔ ՍՏԱՑԱՆ
Երևանի Դ. Վարուժանի անվան N 89 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ճանաչողական այց կատարեցին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ՝ զարգացնելու իրենց պատկերացումները՝ կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև ընդլայնելու բնության մեջ և մարդու կյանքում կենդանի օրգանիզմների դերի և նշանակության մասին գիտելիքները:
ԵՊՀ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի, ինչպես նաև ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների նախաձեռնությամբ Արմավիրի 4-րդ դպրոցի աշակերտներն այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու աշխատանքի հնարավորություններին: