30.04.2009 | 
Ուսանողական, Գիտություն
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
«Հայաստանը պետություն է, որ դեռեւս քաղաքացի չունի, ունի միայն ժողովուրդ»:

Սա, ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, այն էական տարբերությունն է, որ ունեն գերմանական եւ հայկական պետությունները: Այս մասին նա զրուցեց այսօր Սահմանադրական դատարան այցելած մի շարք իրավաբան-ուսանողների հետ, ովքեր ապրիլի 28-ին մասնակցել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում մեկնարկած սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:

 

«Սահմանադրական արդարադատությունը` որպես ֆենոմեն, ընդամենը մի քանի տասնամյակ գոյություն ունի: Ես հարցի բոլոր ծալքերն ուսումնասիրել եմ: Նույնիսկ մի քանի ամիս կտրվել եմ բոլոր գործերից, հավաքել կենսաբանների, բժիշկների եւ փորձել նրանց հետ ուսումնասիրել ընդհանրապես մարդ երեւույթը` որպես համակարգ, ֆունկցիոնալ ամբողջականություն, նրա համակարգային դինամիկ գործակցության բոլոր նրբերանգները, ներքին ինքնապաշտպանական համակարգերը եւ փորձել եմ զուգահեռներ անցկացնել հասարակական օրգանիզմի հետ»,- բացատրեց Գագիկ Հարությունյանը:

 

Ըստ բանախոսի` մարդկային հասարակությունը տառապում է «իմունային անբավարարությամբ» եւ չպետք է վախենալ այդ մասին խոսելուց: Եթե օրգանիզմի ամբողջական համակարգը թուլանում է, առաջանում է իմունային անբավարարություն: Մարդը դադարում է լիարժեք կատարել բոլոր այն գործառույթները, որ սովորաբար կատարում է: «Հիմա պատկերացնենք հասարակական օրգանիզմը. միլիոնավոր անգամ ավելի բարդ, բազմաշերտ, բազմանիստ, ու հանկարծ այդ սոցիալական համակարգի հավասարակշռությունը, նորմալ կենսագործունեությունը խախտվում է:

 

Արդյունքում տեղի են ունենում սոցիալական պայթյուններ»,- բացատրեց պարոն Հարությունյանը` հավելելով, որ նման խնդիրներին դիմակայելու, օրգանիզմի հիվանդությունը կանխելու համար անհրաժեշտ է նոր մեխանիզմներ ապահովել, համակարգային լուրջ մշակումներ կատարել: Համաձայն Սահմանադրական դատարանի նախագահի` այս բարդագույն խնդիրների լուծմանն է միտված սահմանադրական վերահսկողությունն ընդհանրապես եւ սահմանադրական արդարադատությունը` մասնավորապես:

 

Այս վերահսկողությունը բարդագույն մեխանիզմ է` բաղկացած ժողովրդի, քաղաքացու վերաբերմունքից եւ հետեւողականությունից ու պետական ինստիտուտների վերահսկողությունից: Խոսելով քաղաքացու անտարբերության մասին` Գագիկ Հարությունյանը նկատեց, որ մեր մեջ քաղաքացիական արժեքների հստակ համակարգ դեռեւս ձեւավորված չէ:

 

«Նարեկացին կասեր. «Դա ոչ թե մեր հանցանքն է, այլ դժբախտությունը»: Մենք հեշտությամբ հարմարվում ենք ցանկացած այլ համակարգի, իսկ մեր միջավայրում կենսունակություն դրսեւորելու ընդունակ չենք: Սա սոցիալական հիվանդություն է»,- ասաց բանախոսը` որպես օրինակ ներկայացնելով ԽՍՀՄ փլուզումից հետո նոր հասարակություն ձեւավորելու անկարող մեր պետությունը: Սահմանադրական դատարանի նախագահը շատ ուրախ էր, որ, իրենցից բացի, հարցով հետաքրքրվում են նաեւ ուսանողները:

 

Ի դեպ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Լաուրա Զոհրաբյանը, ով ընտրել էր քաղաքացիական մասնագիտացում, շատ հետաքրքրվել է թեմայով. «Միտքս փոխեցի: Երեւի մագիստրատուրայում ընտրեմ Սահմանադրական իրավունք մասնագիտացումը»:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՑ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՄԵԴԻԱՅԻՆ. ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԿՕՐՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր Ե. Չարենցի անվան դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Հարցեր մեդիայից և հարցեր մեդիային. ձևակերպելով նոր իրականություններ» խորագրով գիտաժողովը, որը նվիրված է ՀՀ հանրային հեռուստաընկերության 65 և հանրային ռադիոընկերության 95-ամյակներին:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը: