03.12.2007 | 
Հասարակություն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Այսուհետ Սյունիքի մարզի մի շարք դպրոցներ կունենան նոր համակարգիչներ, իսկ աշակերտները` ինտերնետ կապից օգտվելու հնարավորություն:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ` նոյեմբերի 30-ին Սիսիանի շրջանի չորս գյուղեր` Անգեղակոթ, Բռնակոթ, Բալաք եւ Մուծք, ուղարկվեցին համակարգիչներ, հարյուրավոր գեղարվեստական գրքեր, գրենական պիտույքներ եւ դասագրքեր: Համակարգիչները տրամադրել էր ԵՊՀ ղեկավարությունը, իսկ գրենական պիտույքների համար համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողներն իրենք էին գումար տրամադրել: Գումարը կազմել է յոթ հարյուր հազար դրամ:

«Նախաձեռնության նպատակը սահմանամերձ գյուղերին օգնություն տրամադրելն է: Սա շարունակական բնույթ է կրելու, եւ հաջորդ նման ակցիան նախատեսվում է անցկացնել 2008 թ-ի մարտ-ապրիլ ամիսներին»,-ասաց ՈՒԽ փոխնախագահ Գրիգոր Գրիգորյանը:

Գյուղերի ընտրությունը կատարել է Սյունիքի մարզպետարանը: Ընտրվել են համեմատաբար մեծ ու սահմանին ավելի մոտ գտնվողները, որոնք ավելի շատ են օգնության կարիք զգում:

Անգեղակոթի գյուղապետ Արմենակ Մարկոսյանի հավաստմամբ` դպրոցի միակ համակարգիչը վաղուց արդեն շարքից դուրս է եկել եւ ուսումնական գործընթացի համար պիտանի չէ: «Նոր համակարգչի օգնությամբ աշակերտները գոնե մինիմալ գիտելիքներ կստանան: Գյուղի ու դպրոցի գրադարանները վերջին անգամ նոր գրքերով համալրվել են տասներեք տարի առաջ»,- ասաց նա:

Բռնակոթի դպրոցը տարածաշրջանում ամենամեծն է. ունի երեք հարյուր հիսուն աշակերտ: Դպրոցում կա «Պենտիում 1» մակնիշի ընդամենը վեց համակարգիչ, որոնցից յուրաքանչյուրը ծառայում է միաժամանակ 4-5 աշակերտի: Գյուղի գրադարանն ունի երկու հազարից ավելի գրքեր, որոնց թիվը վերջին տասնհինգ տարվա ընթացքում չի աճել: Անցյալ տարի դպրոցի տնօրինությունը սեփական միջոցներով մի քանի գիրք է գնել` բառարաններ, ուսումնական ձեռնարկներ եւ այլն:

Մուծքը Սիսիանի շրջանի ամենահեռավոր գյուղն է: Ձմռան գալուն պես ճանապարհները փակվում են: Միջնակարգ դպրոցն ունի երեսուներեք աշակերտ (2-րդ եւ 5-րդ դասարաններում աշակերտ չկա): Դպրոցում կա գրեթե չաշխատող մի համակարգիչ, որից օգտվելն անհնար է: Գյուղի միակ գրադարանից օգտվել նույնպես հնարավոր չէ, որովհետև այն շենքի 2-րդ հարկում է, իսկ այնտեղ տանող աստիճանները, արդեն քանի տարի է, քանդված են: 

Նոր շենք կառուցելու եւ գրքերը տեղափոխելու ծրագիր կա, իսկ թե երբ կիրականացվի, անհայտ է: Սյունիքի փոխմարզպետ Սամվել Թանկյանի հավաստմամբ` այս գյուղերում նոր համակարգիչները կունենան նաեւ ինտերնետ կապ:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։