23.09.2010 | 
Կրթություն
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
ԵՊՀ շրջանավարտները 5 ամիս կարող են աշխատել Գերմանիայի Բունդեսթագում:

28 երկրների ընդհանուր թվով 120 կրթաթոշակակիրներ 2011թ. մարտի 1-ից մինչեւ 2011թ. հուլիսի 31-ը Գերմանիայի Բունդեսթագի կողմից լիովին ֆինանսավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի շրջանակում հնարավորություն կստանան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանական համակարգին։ Այսօր ԵՊՀ Պալեանների դահլիճում ծրագրի մանրամասները համալսարանականներին ներկայացրեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) պատգամավոր Դր. Մարիա Ֆլոհսբարթը, ով այս տարի գլխավորում է մրցույթի գերմանական պատվիրակությունը: Ի դեպ, պատգամավորի գլխավորած պատվիրակությունը երեկ հնարավորություն է ունեցել կատարելու այս տարվա կրթաթոշակակիրների վերջնական ընտրությունը: «Ուրախ եմ, որ Համալսարանի ուսանողների կողմից այսքան մեծ հետաքրքրություն կա մեր ծրագրի հանդեպ»,- ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշեց Մարիա Ֆլոհսբարթը:

 

Ծրագրի` այս տարվա մրցույթին դիմել են Հայաստանի տարբեր բուհերի շուրջ երկու տասնյակ շրջանավարտներ, որոնցից երեքին պատվիրակությունն արդեն ընտրել է երեկ կայացած հարցազրույցի արդյունքում: Պատգամավոր Մարիա Ֆլոհսբարթը նշեց, որ անցյալ տարի ինքը` իբրեւ օգնական, ընտրել էր Ուկրաինան ներկայացնող կրթաթոշակակրին, ով, սակայն, պարզվել է, որ ազգությամբ հայ է եղել: «Ես շատ ոգեւորված էի նրանով»,- նշում է պատգամավորը` մատնանշելով իր հայ օգնականի բազմաթիվ դրական հատկանիշները: Հայաստան այցելության շրջանակում գերմանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ քաղաքական, գիտական եւ կրթական ոլորտները ներկայացնող անձանց հետ, ինչպես նաեւ` նախկին կրթաթոշակակիրների հետ՝ արդեն իսկ հաստատված կապերն ամրապնդելու նպատակով։ Շատ պետություններում, այդ թվում նաեւ Հայաստանում, նախկին կրթաթոշակակիրները ստեղծել են միություններ՝ հաստատված միջմշակութային երկխոսությունը շարունակելու եւ ցանց հիմնելու նպատակով։

 

«Վերջին 10 տարվա ընթացքում Համալսարանն ակտիվ համագործակցում է ավելի քան 15 գերմանական բուհերի հետ: Այսօր ԵՊՀ-ն Ռոստոկի համալսարանի հետ միասին իրականացնում է «Վիզուալ հաշվարկ» մագիստրոսական ծրագիրը: Դա մեր բուհի համար առաջին փորձն է, որի ընթացքում շրջանավարտներին կտրվի կրկնակի դիպլոմ երկու համալսարանների կողմից»,- ընդգծեց ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը` հավելելով, որ Բունդեսթագի կրթաթոշակային ծրագիրը քաջ հայտնի է համալսարանականներին: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Մարտին Թովմասյանը մեկն է այն հաջողակներից, ում 2009 թվականին բախտ է վիճակվել այս ծրագրի շրջանակում աշխատել մի պատգամավորի գրասենյակում, ով նաեւ պառլամենտի սոցիալական հարցերով հանձնաժողովի անդամ է: Նախորդ տարիների ծրագրի 12 հայ մասնակիցներն այսօր արդեն Միջազգային պառլամենտական կրթաթոշակակիրների հայաստանյան միության անդամ են: Մարտինը պատմում է, որ միությունն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում:

 

«Մեր նպատակն այն է, որ ստացած գիտելիքներն ու ձեռք բերված հմտությունները ծառայեցնենք ոչ միայն մեր անձնական շահերին, այլ նաեւ ներդնենք հայ իրականության մեջ»,-ասում է Մարտին Թովմասյանը: Նշենք, որ այս ծրագիրը գործում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքո՝ Բեռլինի երեք համալսարանների համագործակցությամբ։ Գերմանիայի Բունդեսթագը ստանձնում է ճանապարհի, կացարանի եւ ապահովագրության ծախսերը` ներառյալ ամսական 450 եվրո կրթաթոշակը։ Կրթաթոշակակիր դառնալու համար պարտադիր պայմաններ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, բարձրագույն կրթության մասին վկայականը եւ գերմաներենի լավ իմացությունը: Դիմողները անցնում են մի քանի փուլերով` փաստաթղթային փուլ, հարցազրույցի փուլ, իսկ վերջնական ընտրությունը կատարում է Գերմանիայից ժամանած պատվիրակությունը: Ծրագրի շահառուներ կարող են համարվել հայաստանյան բուհերի այն շրջանավարտները, ովքեր մասնագիտական եւ անձնական որակներով ու մտածողությամբ ապագայում ղեկավար կամ հրահանգչային գործունեություն ծավալելու նախադրյալներ ունեն: «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008 թ-ից: Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել http://www.bundestag.de/ips կայքէջում։

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: