17.01.2007 | 
Կրթություն
ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Սկզբում շատ էի վախեցած, իսկ հիմա, երբ արդեն ստացել եմ առաջին հինգս, շատ ավելի հանգիստ եմ: Հաջորդ քննությանն ավելի հանգիստ կգնամ», ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Անի Մաթեւոսյանը:

Երեւանի պետական համալսարանի ուսումնական առաջին կիսամյակի հանրագումարային քննությունները մեկնարկել են հունվարի 3-ին եւ կշարունակվեն մինչեւ հունվարի 23-ը:

«Անձամբ ես քննաշրջանից գոհ եմ, դասախոսները շատ լավ են տրամադրված, բայց չեմ կարող չնշել, որ գրեթե բոլոր դասախոսներն էլ ուսանողներին գնահատելիս շատ հաճախ առաջնորդվում են ստուգման գրքույկում եղած գնահատականներով: Եթե գրքույկումդ երեք ունես, ապա հինգ ստանալը գերմարդկային ճիգեր կպահանջի»,- ասում է ռուս բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Օքսանա Սարգսյանը:

Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Նաիրա Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ ուսանողները հիմնականում ստանում են այն թվանշանները, ինչին արժանի են: «Իհարկե, ստուգման գրքույկի թվանշանները իրենց զգալի ազդեցությունն ունեն, եւ դա շատ բնական է: Փայլուն պատասխանի դեպքում ես հինգ եմ նշանակում նաեւ երեք ստացող ուսանողին, բայց նման դեպքեր խիստ հազվադեպ են պատահում»:

Առավելագույնը մի քննություն եւ երկու ստուգարք չհանձնած ուսանողները հնարավորություն ունեն պարտքերը հանձնել քննաշրջանի վերջին օրվան հաջորդող երկու օրերին: Հունվարի 24-ը եւ 25-ը համալսարանում բաց դռների օրեր են:

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը տեղեկացրեց, որ քննաշրջանի հետ կապված լուրջ եւ հիմնավորված բողոքներ դեռեւս չեն եղել, եւ բողոքների հիմնական պատճառը գնահատման կանոնակարգին անտեղյակ լինելն է:

«Ինձ են դիմել ուսանողներ սոցիոլոգիայի ֆակուլտետից: Նրանք բողոքում էին, որ դասախոսը իրենց ցածր թվանշան է դնում` պատճառաբանելով դասերին վատ հաճախելը: Ուսանողը պետք է հասկանա, որ «գերազանց» ստանում են ոչ միայն քննատոմսի հարցերին պատասխանելու, այլ նաեւ դասերին պարտաճանաչ հաճախելու եւ ակտիվ մասնակցելու համար»:

Հրանտ Ժամհարյանը նշեց, որ հաճախելիության հարցն այսօր ավելի քան կարեւորվում է համալսարանում, քանի որ շուտով ԵՊՀ-ն կանցնի նոր ուսումնական համակարգի, որտեղ ուսանողի` դասերին հաճախելու ցուցանիշը նրա գնահատականի հիմնական բաղադրիչներից մեկն է լինելու:

Առաջին լուծարքային շրջանը ԵՊՀ-ում կավարտվի փետրվարի 6-ին, իսկ փետրվարի 7-ին կմեկնարկի ուսումնական երկրորդ կիսամյակը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԸ՝ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև ընդհատումից խուսափելու համար։
«ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԱՍԵՐԸ». ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանատի ընդլայնված հեռավար նիստ՝ դեկանի, դեկանի տեղակալների, ամբիոնների վարիչների, լաբորանտների, առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերի ու խմբերի ավագների մասնակցությամբ։