28.01.2008 | 
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Այսուհետ գերմաներեն ուսումնասիրողները հնարավորություն կունենան մասնագիտական եւ գեղարվեստական նորագույն գրքերը կարդալ բնագրերով:
Հունվարի 28-ին ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում բացվեց գերմաներենի անկյուն: Հայաստանում Գերմանիայի դեսպանության, Գերմանական ակադեմիական փոխծառայության եւ Երեւանի պետական համալսարանի համագործակցության արդյունքում բացված ընթերցասրահը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Անդրեա Վիկտորինի գնահատմամբ, խաղաղության խորհրդանիշ է եւ արդյունավետ համագործակցության սկիզբ: «Գերմաներեն գրականությունը մեր գրադարանում միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել: Մինչեւ 70-ականների սկիզբը գերմաներենն ամենատարածված օտար լեզուներից մեկն էր համալսարանում,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:- Այս համալսարանը հիմնադրել են մարդիկ, ովքեր սովորել են հիմնականում գերմանական բուհերում»: Ռեկտորը ցավով նշեց, որ այսօր գերմաներենի տարածված լինելու մասին Հայաստանում, հատկապես` ԵՊՀ-ում, դժվար է խոսել. անգլերենն ավելի գործածական է, ուստի եւ ամրապնդում է իր դիրքերը: Թեեւ համալսարանն ունի Գերմանական բանասիրության ամբիոն, բայց դիմորդների թիվը տարեցտարի պակասում է: Այս տեսակետին համաձայն չէ Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը: «Գերմանական ակադեմիական փոխծառայությունը (DAD) այս տարի նոր կրթաթոշակառուներ ունեցավ: Արդյունքն այդքան էլ վատ չէ: Չուրանալով այն դերը, որ ունի անգլերենը գիտահետազոտական աշխարհում, պիտի ասեմ, որ գերմաներենը եւս իր ուրույն տեղն ունի Հայաստանում»,- նկատեց տիկին դեսպանը: Նա համոզված է, որ ոչ միայն գերմանական կրթական ու պետական հաստատությունները պետք է հոգ տանեն գերմաներենի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու մասին, այլեւ` հայաստանյան դպրոցներն ու բուհերը: Այդ դեպքում միայն Հայաստանի ու Գերմանիայի կրթական համագործակցությունը լավագույն արդյունքներ կտա: Դեսպանը խորհուրդ տվեց օգտվել Գերմանիայում ուսում ստացած մասնագետների ներուժից: Գերմանական ակադեմիական փոխծառայությունն իրականացնում է ոչ միայն մասնագիտական օժանդակություն, այլեւ Հայաստանում գերմաներենի գերազանց իմացությամբ ուսանողներին հատուկ կրթաթոշակներ է տալիս: 1991 թվականից ի վեր DAD-ն Հայաստանում ունեցել է 1000-ից ավելի կրթաթոշակառուներ: Կրթաթոշակային այդ ծրագրին Գերմանիան տրամադրում է ավելի քան կես միլիոն եվրո: Պարզվում է, որ գերմաներենի ուսումնասիրությամբ զբաղվում են ոչ միայն գերմանական բանասիրության ֆակուլտետների, այլեւ, օրինակ, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները: Դա բավականին ոգեւորել է արտասահմանյան մեր գործընկերներին: Ինչպես նշեց տիկին Վիկտորինը, Հայաստանի ուսանողները հրաշալի տպավորություն են գործել իր վրա թե՛ մասնագիտական որակներով, թե՛ լեզվի իմացությամբ. «Թեեւ դեռ առիթ չեմ ունեցել առանձին հանդիպելու ԵՊՀ ուսանողների հետ, բայց առաջարկել եմ նման բան կազմակերպել: Հուսամ` առաջիկայում կիրականացվի»: